ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Ճանաչված հայ դերասան Աշոտ Ղազարյանի երկու թոռները՝ Անահիտ և Բորիս Ադամյանները, մասնակցել են «Ну-ка все вместе» վոկալային շոուի մանկական թողարկմանը։
Բորիսն ու Անահիտը երգել են One Republic-ի «All the right moves» հիթը։ Նրանց ելույթը շատ է դուր եկել ժյուրիի փոքրիկ անդամներին։
Բորիսն ու Անահիտը նախատեսված 100-ից հավաքել են 98 միավոր` գրանցելով ամենաբարձր արդյունքը։
Նշենք, որ Բորիս և Անահիտ Ադամյանները բավականին հայտնի են Instagram-յան տիրույթում։ Նրանք կատարում են հայտնի հիթերի քավեր-տարբերակները։
Աշոտ Ղազարյանի ավագ թոռնուհին, սիրված հումորիստի դստեր` Մարգարիտայի աղջիկը, 16 տարեկան է, ծնվել է Սոչիում, մանկուց երգել է, երգ-երաժշտության դասերի է հաճախել Ռուսաստանում և Հայաստանում, 2013-ից սկսել է ելույթ ունենալ մեծ բեմերում, մասնակցել Ռուսաստանի «Голос. Дети», մանկական «Եվրատեսիլ» և «Նոր ալիք» մրցույթներին։ Բորիսը երաժշտական կրթություն չունի, փոխարենը քրոջ օրինակով սկսել է երգել։
Հիշեցնենք, որ նախորդ տարի քույր ու եղբայր մասնակցել էին ռուսական հայտնի «Лучше всех» հեռուստահաղորդմանը և երգել էին «Shallow» ստեղծագործությունը, որն արժանացավ բուռն ծափահարությունների։ Նրանք հիացրել էին նաև շոուի հաղորդավար Մաքսիմ Գալկինին։