«Դուք կարող եք ինձ վրա հույս դնել իմ նոր պաշտոնում». Տուսկը` Փաշինյանին

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում տեղի ունեցող գործընթացների շուրջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում` Եվրոպական ժողովրդական կուսակցության գրասենյակում, հանդիպում է ունեցել ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի հետ:

«Պարոն վարչապետ, ուրախ եմ ողջունել Ձեզ իմ նոր պաշտոնում, բայց հին ավանդական ընկերությամբ: Եվ խոսքը ոչ միայն Ձեր, այլև Հայաստանի հետ մեր ավանդական բարեկամության մասին է: Դուք կարող եք ինձ վրա հույս դնել իմ նոր պաշտոնում»,– ասել է Տուսկը Փաշինյանին:

Նա ընդգծել է, որ Եվրոպայում, այդ թվում տեղի հանրության և քաղաքական գործիչների շրջանում ՀՀ նոր իշխանությունների և անձամբ ՀՀ վարչապետի նկատմամբ առկա է բարձր վստահություն, ինչը քաղաքական կարևորագույն կապիտալ է։

Կորոնավիրուսից վախեցած. Փաշինյանը և Միշելը հրաժարվել են ձեռքսեղմումից. տեսանյութ

ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և վերաբերմունքի համար։

«Բարձր ենք գնահատում Ձեր դերը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում: Վստահ ենք, որ ԵԺԿ նախագահի պաշտոնում ևս կնպաստեք համագործակցության հետագա զարգացմանն ու առաջընթացին»,– ասել է նա:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների շուրջ` կարևորելով Եվրոպական խորհրդարանում հայ խորհրդարանականների և ԵԺԿ խմբակցության պատգամավորների միջև սերտ ու ակտիվ համագործակցությունը:

Վարչապետն անդրադարձել է երկրում իրականացվող դատաիրավական բարեփոխումների ընթացքին, այդ թվում՝ առաջիկա Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հանգամանքներին:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում տեղի ունեցող հետևողական գործընթացների շուրջ:

ԵԺԿ նախագահը բարձր է գնահատել Հայաստանում իրականացվող բարեփոխումները և պատրաստակամություն հայտնել նպաստել Հայաստանի հետ համագործակցության զարգացմանն ու խորացմանը:

Հիշեցնենք` Փաշինյանն աշխատանքային այցով Բրյուսել է մեկնել այսօր։