Դասերը վերսկսվել են, բայց «կասկածելիների» մուտքը կարգելվի. ԱԱՏՄ–ի հայտարարությունը

Սուր շնչառական վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշանների դեպքում հիվանդ երեխաները և ուսուցչական կազմը պետք է անմիջապես տեղափոխվեն բուժկետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Հայաստանյան դպրոցներում և մանկապարտեզներում պարապմունքները վերսկսվել են, սակայն հսկողության խստացման պայմաններում։ Ինչպես Facebook–ի իր էջում տեղեկացրել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ), առողջապահության նախարարի հրամանով նախադպրոցական և հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ղեկավարները պետք է ապահովեն հետևյալ սանիտարական նորմերի և կանոնների պահպանումը.

  •  Սուր շնչառական վարակների սեզոնին (աշուն-գարուն) ուսումնական հաստատությունում միջին բուժաշխատողի կողմից պետք է ապահովվի սուր շնչառական վարակներին բնորոշ (հարբուխ, հազ, ջերմություն, փռշտոց, տկարություն) ախտանշաններով հիվանդ երեխաների ամենօրյա ակտիվ հայտնաբերում,
  • Հիվանդացության սեզոնային բարձրացման ժամանակ բուժքույրը հաստատության մուտքի մոտ պետք է իրականացնի երեխաների և ուսուցչական անձնակազմի զննություն,
  • Սուր շնչառական վարակիչ հիվանդություններին բնորոշ (հարբուխ, հազ, ջերմություն, փռշտոց, տկարություն) ախտանշանների դեպքում հիվանդ երեխաները և ուսուցչական կազմը պետք է անմիջապես տեղափոխվեն բուժկետ, ապա այդ մասին տեղեկացվի համապատասխան ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին,
  • Մանկապարտեզներում երեխաների առավոտյան ամենօրյա ընդունումը պետք է կատարի դաստիարակը, որը հետաքրքրվում է երեխայի առողջական վիճակով, զննում է բկանցքը և մաշկը, չափում է մսուրային խմբի բոլոր երեխաների ջերմությունը, իսկ նախադպրոցական խմբում՝ ելնելով բժշկական ցուցումից (ՀՀ ԱՆ նախարարի 2002 թ․ դեկտեմբերի 20-ի 857 N հրամանի 11.3 կետ),
  • Առավոտյան զննման ժամանակ հայտնաբերված հիվանդ և կասկածելի երեխաները չեն ընդունվում։ Օրվա ընթացքում վատառողջ երեխաներն առանձնացվում են հատուկ այդ նպատակով նախատեսված սենյակներում։ Ելնելով առողջական վիճակից՝ երեխան մինչև ծնողի գալը մնում է առանձնացված սենյակում կամ հոսպիտալացվում է։

ՍԱՏՄ–ն հորդորում է նաև նախադպրոցական և դպրոցական հաստատություններում իրականացնել սանիտարահիգիենիկ միջոցառումներ․

  • Երեխաների բացակայության ժամանակ սենյակի օդափոխում օրը 3 անգամ, 8-10 րոպե տևողությամբ,
  • Սենյակների խոնավ մաքրում օրը 2 անգամ,
     
  • Երեխաների զբոսանք մաքուր օդում սովորականից 4 ժամ ավելի` պահպանելով խմբային մեկուսացման սկզբունքը։
  • Առողջ ապրելակերպի քարոզչություն և բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում:

Հիշեցնենք`2019 թվականին դեկտեմբերին Չինաստանի իշխանությունը հայտարարեց Ուհան քաղաքում անհայտ ծագման վարակի տարածման մասին։ Պարզվեց` հիվանդության հարուցիչը նոր տեսակի կորոնավիրուսն է։ 

Իտալիայում կորոնավիրուսի տարածման պատճառով փակվում են թանգարանները, թատրոնները

Վերջին տվյալների համաձայն` աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 109 հազարը, վարակի զոհ է դարձել 3806 մարդ:

Հայաստանը կորոնավիրուսի պատճառով Իրանի Իսլամական Հանրապետության հետ անցել է վիզային ռեժիմի, խստացրել հսկողությունը Վրաստանի հետ սահմանային անցակետերում։

Մեր երկրում այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 1 դեպք է գրանցվել։ 29–ամյա երիտասարդը Իրանից էր եկել Հայաստան, նրա հետ շփված բոլոր 31 քաղաքացիները մարտի 1–ից մեկուսացված են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում։ Նրանք կարանտինի մեջ կմնան 14 օր։

Հենրիխ Մխիթարյանը ցույց է տալիս` ինչպես է պետք պայքարել կորոնավիրուսի դեմ

Կորոնավիրուսի վտանգով պայմանավորված` ՀՀ–ում մեկ շաբաթով ուսումնական բոլոր հաստատությունները դադարեցրին պարապմունքները, սակայն այսօրվանից սկսած դասերը վերսկսվել են։ 

որոնավիրուսից վախեցած. Փաշինյանը և Միշելը հրաժարվել են ձեռքսեղմումից. տեսանյութ