Փրկարարները հայտնաբերել են Թռչկանի ջրվեժի տարածքում մոլորված ՌԴ քաղաքացիներին

Երիտասարդ զույգը որոշել է Կանանց միջազգային օրը անմոռանալի դարձնել, սակայն Թռչկանի գեղեցկությունը բացահայտելու ցանկություն հայտնած քաղաքացիներին այդպես էլ չի հաջողվել նպատակին հասնել: Նրանք մոլորվել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի –Sputnik, Արմենուհի Մխոյան Մարտի 8-ին` ժամը 21։30-ին, ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզի փրկարարական վարչությունը ահազանգ է ստացել, որ դեպի Թռչկան տանող ճանապարհին՝ Ձորաշեն գյուղի մոտ, ազգությամբ ռուս քաղաքացիներ են մոլորվել:

Արագած լեռան վրա Լեհաստանի քաղաքացին վնասել է ոտքը. դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարարները

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԻՆ ՇՄ փրկարարական վարչության պետ, փոխգնդապետ Ալեքսան Գյոզալյանը: Ի դեպ, քաղաքացիների կորչելու մասին ահազանգել է տաքսու վարորդը, որի ուղեկցությամբ նրանք հասել են Ձորաշեն և այդտեղից որոշել են ոտքով բարձրանալ Թռչկանի ջրվեժ:

«Ահազանգը ստանալուն պես, անմիջապես դուրս ենք եկել որոնողական աշխատանքեր իրականացնելու: Վարորդը տեղեկացրել էր, որ ուղևորները ժամը 15։30-ի սահմաններում  Ջորաշեն գյուղի մոտ իջել են մեքենայից և ոտքով շարժվել դեպի ջրվեժ ու մինչև 21:00 չեն վերադարձել, վարորդն էլ անհանգստանալով, որ վերջիններս կորել են ահազանգել է 911»,-պատմեց նա:

Շիրակի մարզի փրկարարական վարչությունից դեպքի մասին տեղեկացրել են նաև Լոռու մարզի գործընկերներին, որից հետո երկու մարզերի փրկարարական վարչության օպերատիվ խմբերը, Աշոցքի ոստիկանական բաժնի օպերատիվ խմբի հետ համատեղ, 21։10 մինչև գիշերը 01։10 ընկած ժամանակահատվածում իրականացրել են որոնողական աշխատանքներ: Արդյունքում տարածքի անասունների համար նախատեսված «յայլաներից» մեկում հաջողվել է գտնել 1999 թ-ին ծնված Վալերի Սիդրովին և նույնպես 1999 թ-ի ծնված Գլադկինա Անաստասիային:

«Պարզ լճի» մոտակա անտառում քաղաքացիներ են մոլորվել. լրացում

«Երկուսն էլ նորմալ վիճակում էին, բայց վախեցած: Տարածքում մոլորվելով, մութն ընկնելուն պես վերջինններս փորձել էին պատսպարվել անասնագումերի տարածքում»,-նշեց Գյոզալյանը:

Պարզվել է` որ Վալերին և Անաստասիան որոշել են մարտի 8-ին Թռչկանի ջրվեժ արշավի գնալ, ինչը նրանց այդպես էլ չի հաջողվել։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` Վալերի Սիդրով Գյումրու 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող է։

Նշենք, որ տարածքում հանդիպում են գայլեր և արջեր: Բարեբախտաբար, քաղաքացիները չեն վնասվել: