ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերությունում շաբաթվա սկզբից ձեռնարկվում են կորոնավիրուսի պրոֆիլակտիկային և հնարավոր տարածման կանխարգելմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները: Տեղեկությունը հայտնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։
«Ուղևորների հետ աշխատող անձնակազմը՝ ուղեկցորդներ, տոմսավաճառներ, կայարանների հերթապահներ, միջազգային գնացքների մեքենավարներ, ապահովված են բժշկական դիմակներով, ձեռնոցներով, հակասեպտիկներով»,– նշված է հաղորդագրության մեջ։
ԸՍՏ ՀԿԵ–ի` կայարանների տարածքները պարբերաբար օդափոխվում են և ախտահանվում հատուկ միջոցներով: Կայարաններում նաև ստեղծված են հատուկ սենյակներ, որոնք անհրաժեշտության դեպքում տրամադրվելու են հիվանդության նշաններ ունեցող ուղևորներին կամ աշխատակիցներին, իսկ ուղևորները բարձրախոսներով տեղեկացվում են պրոֆիլակտիկ միջոցների մասին:
Երկաթուղայիններն ամեն օր անցնում են հատուկ հրահանգավորում, նրանց տրամադրված են կորոնավիրուսի կանխարգելման վերաբերյալ հուշաթերթիկներ:
ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը նշել է, որ ընկերությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները հնարավոր վտանգից իր աշխատողներին և ուղևորներին պաշտպանելու համար:
«Երկաթուղին ռազմավարական նշանակության օբյեկտ է, և մենք պարտավոր ենք ապահովել դրա անխափան և անվտանգ աշխատանքը՝ սերտորեն համագործակցելով պետական մարմինների, Առողջապահության նախարարության հետ», - ընդգծել է նա:
Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան։ 29-ամյա տղամարդն Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին:
Բակո Սահակյանը կորոնավիրուսի հետ կապված խորհրդակցություն է անցկացրել