53 տարվա մեջ առաջին անգամ. Իսրայելում հայ հոգևորականի վրա թքած քաղաքացին կտուգանվի

Երուսաղեմի Հին քաղաքի Հայկական թաղամասում հրեա երիտասարդը, տեսնելով հայ հոգևորականների եկեղեցական թափորը, մի քանի անգամ թքել էր հոգևորականներից մեկի վրա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Իսրայելում հայ հոգևորականի վրա թքած քաղաքացին կտուգանվի։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հրապարակել է Երուսաղեմի սուրբ Աթոռի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը։ 

Իսրայելի իշխանությունը ներողություն է խնդրել Երուսաղեմում հայերի վրա հարձակման համար

«Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ 1967 թվականից ի վեր առաջին անգամ հայ հոգևորականի վրա թքելու համար Իսրայելի ոստիկանությունը որոշել է տուգանել օրինախախտ քաղաքացու»,–գրել է նա:

Բաղդասարյանը տեղեկացրել է, որ դեպքը տեղի էր ունեցել մեկ տարի առաջ: Երուսաղեմի Հին քաղաքի Հայկական թաղամասում հրեա երիտասարդը, տեսնելով հայ հոգևորականների եկեղեցական թափորը, մի քանի անգամ թքել էր հոգևորականներից մեկի վրա:

Երիտասարդն անմիջապես հանձնվել էր թափորն ուղեկցող ոստիկաններին, տուժող հոգևորականը բողոք էր ներկայացրել ոստիկանություն:

Առանց նյարդայնացնող մուղամի. Հին Երուսաղեմում հայկական ժողովրդական երգեր են հնչում

Տեր Հովնանը տեղեկացրել էր, որ հարցաքննությունից և ականատեսների վկայություններից հետո ոստիկանությունը մարտի 5-ին պաշտոնական նամակով ծանուցել է տուժած հոգևորականին, որ ոստիկանությունը որոշել է օրինախախտ երիտասարդին տուգանել 1500 շեքելով (430 դոլար):