Գյումրիում ծեծված երեխան գանգոսկրերի բազմաթիվ կոտրվածքներ ունի. նրան ոչ ոք չի տեսակցել

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը նոր մանրամասներ է հայտնել Գյումրիում դաժանաբար ծեծված 13-ամյա աղջկա վիճակի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջնակի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ. նա անգիտակից վիճակում է։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը։

Գյումրիում ծեծված 13–ամյա աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է

Հայտնել էինք, որ երեկ` մարտի 5-ին, Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

«Երեխան ունի գլխի բազմաթիվ ոսկորների, ծնոտի, անրակի, 10-րդ կողի կոտրվածք, բազմաթիվ սալջարդեր, կրծքավանդակում` արյան կուտակում։  Նա շնչում է արհեստական շնչառության սարքի օգնությամբ»,- ասաց Դալլաքյանը։

Ըստ նրա` երեխայի մոտ գերակշռող են գանգուղեղային տրավմաները։

Կասկածյալը մոր ընկերն էր, երեխային վիրահատում են. նոր մանրամասներ Գյումրու սպանությունից

Հարցին` արդյո՞ք որևէ մեկը հետաքրքրվել է երեխայի առողջական վիճակով, հարազատները այցելե՞լ են նրան, Դալլաքյանը պատասխանեց` ոչ։

«Այս հարցով ոչ ոք մեզ չի դիմել»,- նշեց ԲԿ տնօրենը։

Բժշկի խոսքով` երեխայի վիճակից ելնելով, այս պահին վիրահատական միջամտության անհրաժեշտություն չկա։

Նշենք, որ դաժան ծեծի ենթարկված երեխային սկզբում տեղափոխել էին «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո որոշում է կայացվել 13-ամյա աղջնակին Երևան տեղափոխել. գիշերը նրան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ռեանիմոբիլով Երևան են բերել։