Ադրբեջանական կողմը Տավուշի հատվածում կրակել է մեծ տրամաչափի գնդացիրներից

Արծրուն Հովհաննիսյանի տեղեկացմամբ` իրավիճակն այդ հատվածում արդեն մի քանի օր է լարված է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Ադրբեջանական սահմանապահ զորքերի ստորաբաժանումները ՀՀ Տավուշի հատվածում այսօր կրկին դիմել են սադրիչ գործողությունների։

Տեղեկությունը Facebook–ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Ադրբեջանական կողմը գիշերը կրակել է Տավուշի Ոսկեպար գյուղի ուղղությամբ

«Արդեն մի քանի օր է նույն ուղղությամբ ադրբեջանական սահմանապահ ստորաբաժանումները կրակում են մեծ տրամաչափի գնդացիրներից։ ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումները, որպես կանոն դրսևորում են զսպվածություն, սակայն թիրախային կրակոցները անպատասխան չեն մնալու»,–գրել է Հովհաննիսյանը։

Նա ընդգծել է, որ այս սադրանքների և դրանց բոլոր հետևանքների ողջ պատասխանատվությունը մնալու է Ադրբեջանական կողմի վրա։

Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այդ հատվածում ադրբեջանական կողմից սահմանապահ է վիրավորվել, որը հետագայում հիվանդանոցում մահացել է։

Ադրբեջանական կողմը կրակել է Տավուշի Կոթի գյուղի վրա

Հիշեցնենք, որ մարտի 1–ի գիշերը հակառակորդը կրակ էր բացել Տավուշի Ոսկեպար գյուղի և դիրքերի ուղղությամբ։