Աբովյանը դիմել է ոստիկանություն Լյուսի Քոչարյանի «բռնարարների» իսկությունը ստուգելու համար

Պատգամավորը խոստացել է, որ պատասխանը ստանալուց հետո անպայման կհրապարակի իր վերջնական եզրակացությունները, և հետևություններ կարվեն «բռնության» այս էպոպեայի շուրջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը Ոստիկանությանը հարցում է ուղարկել, որպեսզի ճշտի Լյուսի Քոչարյանի «բռնության ձայն» հոդվածաշարի պատմությունների իսկությունը։ Տեղեկությունը նա հրապարակել է Facebook–ի իր էջում։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, լրագրող և բլոգեր Լյուսի Քոչարյանը Պետդեպարտամենտի Women of Courage (Կանանց խիզախության համար) մրցանակի դափնեկիր է դարձել։

Այսօրը պատմության մեջ. ապրիլի 24. Թալեաթի հրամանից մինչև Երևանի 1965 թվականի ցույցեր

«Եթե չեմ սխալվում, տիկին Քոչարյանն այդ մրցանակը ստացել է նաև իր նախաձեռնության համար, որն անվանել է «բռնության ձայն»։ Իմաստն այն էր, որ տիկին Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրում է իբր բռնության ենթարկված կանանց պատմությունները։ Այդ սարսափազդու պատմությունները կարդալուց հետո ինձ մոտ տպավորություն էր ստեղծվել, որ Հայաստանն ուղղակի ողողված է վայրենի բռնաբարներով, և, օրինակ, Երևանյան փողոցներում կատաղած տղամարդիկ անդադար ծեծում և բռնաբարում են կանանց»,–գրել է Աբովյանը։

Նա նշել է, որ շատ կասկածելի զուգադիպությամբ այդ պատմությունները ջրի երես դուրս եկան այն ժամանակ, երբ շատ ակտիվ սկսեց Ստամբուլյան կոնվենցիայի գովազդը Հայաստանում։ «Ոչ մի իրական ապացույց այդ պատմություններից այդպես էլ չհրապարակվեց։ Այդ իսկ պատճառով, մինչ իմ վերջնական կարծիքն արտահայտելը, ուղարկում եմ հարցում ոստիկանություն, որ հասկանանք այդ պատմությունների իսկությունը»,–տեղեկացրել է պատգամավորը։

Կրքերը չեն հանդարտվում. Ստամբուլյան կոնվենցիան` հաղթաթո՞ւղթ ընդդիմության ձեռքին

Նա խոստացել է, որ պատասխանը ստանալուց հետո անպայման կհրապարակի իր վերջնական եզրակացությունները, և մենք միասին կանենք հետևություններ «բռնության» այս էպոպեայի շուրջ։