«Վերջապես կամուսնանամ». Ադրբեջանից բռնագաղթած 20 ընտանիք կսկսեն իրագործել երազանքները

Սուրեն Պապիկյանը Ադրբեջանից բռնագաղթած 20 ընտանիքի բնակարաններ գնելու վկայագրեր հանձնեց։ Ընտանիքները մի շարք ծրագրեր իրականացնելու համար երկար են սպասել բնակարան ունենալուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik, Կարինե Հարությունյան. Դեռ 30 տարի առաջ Ադրբեջանից Հայաստան բռնագաղթած 44–ամյա Արարատ Սարուխանյանը 30 տարի սպասել էր այս օրվան. տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը բնակարանի գնման վկայագիր հանձնեց նրան ու նման կարգավիճակ ունեցող ևս 19 ընտանիքի։

Բնակարանը Սարուխանյանի կյանքում շատ բան է փոխելու, ավելի ճիշտ, գլխիվայր շրջելու է կյանքը ։ Մի փոքր անհարմար զգալով` տղամարդն ասում է` առաջին հերթին ընտանիք կազմելու խնդիրը կլուծի։

«Զեյթունի հանրակացարանում ենք ապրում, որտեղ բաղնիք–զուգարանն ընդհանուր է։ Դե, ես արդեն սովորել եմ այդ պայմաններին, բայց ամուսնանալ չէի համարձակվում։ Հիմա արդեն կյանքս կդասավորեմ»,– ասում է Սարուխանյանը։

Նրանց մեկսենյականոց բնակարանի վկայագիր է տրամադրվել, քանի որ ինքն ու եղբայրն են ապրում տանը. ծնողները վերջերս են մահացել։ Սարուխանյանը մասնագիտությամբ վարսավիր է, Մոնումենտի վարսավիրանոցներից մեկում է աշխատում։ «Ինչ լավ է, ես էլ ուզում էի մազերս կտրել»,–կատակում եմ, ինչին ի պատասխան տղամարդը լուրջ–լուրջ ասում է.«Ես միայն տղաներին եմ սպասարկում, բայց կասեմ` մյուսները ձեզ կսպասարկեն։ Ե՞րբ կգաք»...

«Վերջապես կամուսնանամ». Ադրբեջանից բռնագաղթած 20 ընտանիք կսկսեն իրագործել երազանքները

Պապիկյանը բնակարանների վկայագրերը հանձնելուց առաջ տեղեկացրեց` ընթացիկ տարվա ընթացքում 112 ընտանիք բնակարան կունենան։ Նրա խոսքով` բնակարանների հանձնման ծրագիրը փուլերով են իրականացնում, և առաջիկա 112 շահառուների մեջ հիմնականում այն մարդիկ են, որոնք վաղը կարող է առանց տանիքի մնան։

«Վերջապես կամուսնանամ». Ադրբեջանից բռնագաղթած 20 ընտանիք կսկսեն իրագործել երազանքները

«Շենքերը, որտեղ բնակվում են, հիմնականում սեփական են, սեփականատիրոջ հետ պայմանավորվածության շարունակականությամբ է պայմանավորված նրանց այդտեղ մնալու հնարավորությունը»,- ասաց նախարարը` հավելելով, որ 2020–ի բյուջեով նախատեսել են 2,1 մլրդ դրամ 185 շահառուների համար:

Ինչ վերաբերում է բնակարաններ ձեռք բերելու համար տրամադրվելիք գումարի չափին, ապա մեկսենյականոց բնակարանի համար 12 մլն, 2 սենյականոցի դեպքում` 14.6 մլն, իսկ 3–ի դեպքում` 17.3 մլն դրամ է հատկացվել։ Ի դեպ, վկայագրերի միջոցով բնակարան կարող են ձեռք բերել 1 տարվա ընթացքում։

Տեղեկությունը հայտնելուց հետո նախարարն անցնում է վկայագրերի բաժանմանը. բնակարանի վկայագիր ստացողներից շատերը հուզվում են։ Առանց տան ապրելն այնքան էլ հեշտ չի եղել, մանավանդ, երբ Ադրբեջանում տարիներ շարունակ աշխատել են` տուն–տեղ ձեռք բերել, հետո թողել են ունեցածն ու գաղթել Հայաստան։

Լիլիա Սևիյանը վկայագիրը ստանալուց հետո Sputnik Արմենիային պատմեց` 1989–ին են Բաքվից Հայաստան եկել։ Բաքվում ունեցել են ամեն ինչ` ամառանոց, բնակարաններ։ Հատկապես այդ կյանքից հետո դժվար է եղել այստեղ ապրել առանց սեփական տանիքի, սակայն տիկին Լիլիան շատ չի էլ դժգոհում, չէ՞ որ հիմա ամեն ինչ փոխվելու է։

«Վերջապես կամուսնանամ». Ադրբեջանից բռնագաղթած 20 ընտանիք կսկսեն իրագործել երազանքները

«Չափազանցրած չեմ լինի, որ ասեմ` այսօր տոն է մեզ համար. այսքան տարիներ ես ու տղաս ապրել ենք «Նաիրի» հյուրանոցում։ Մի շարք երազանքներ կան, որոնք հիմա կարող ենք իրագործել։ Տղաս 27 տարեկան է, ընկերներն արդեն ամուսնացել են, ընտանիք ունեն։ Նոր տանն ուզում եմ թոռներիս ուրախ ձայները լսել»,– ասաց տիկին Լիլիան։

«Իսկ կկարողանա՞ն տրամադրված գումարով բնակարան գնել» հարցին կինը պատասխանում է, որ եթե անգամ չկարողանան էլ, հիփոթեքով կվերցնեն ու որոշ մասն էլ իրենք կվճարեն։ Տիկին Լիլիան ասում է, որ ամեն ինչ կանեն Նոր տարին նոր բնակարանում դիմավորելու համար։