Սյունիքի նախկին մարզպետն ու իր վարորդը փորձում են օրինականացնել ապօրինի հողն ու տունը

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը որոշել է օրինական դաշտ բերել 10 տարի առաջ կառուցած առանձնատունը։ Երևանի քաղաքապետարանը Sputnik Արմենիային որոշ հետաքրքիր տեղեկություններ է հայտնել այս գործի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik, Նելլի Դանիելյան. Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դիմել է Երևանի քաղաքապետարան` շուրջ 10 տարի առաջ Երևանում ապօրինի կառուցած առանձնատունն օրինականացնելու խնդրանքով։ Sputnik Արմենիային այս տեղեկությունը հայտնեցին Երևանի քաղաքապետարանից։

Խոսքը երևանցիներին քաջ հայտնի շքեղ առանձնատան մասին է, որը գտնվում է «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ` Սարալանջի բարձունքում։ Դրա պաշտոնական հասցեն է Կարապետ Ուլնեցու 32/11։ Այն ամբողջությամբ անօրինական է, պաշտոնական որևէ փաստաթղթով գոյություն անգամ չունի, թեև կառուցվել է շուրջ 10 տարի առաջ ու բոլորի աչքի առաջ։

Սյունիքի նախկին մարզպետն ու իր վարորդը փորձում են օրինականացնել ապօրինի հողն ու տունը

Անօրինական կառուցված այդ ինքնակամ շինության մակերեսը 1698.8 քմ է։

Սուրիկ Խաչատրյանն իր առանձնատունն օրինականացնելու մասին հիշել է 2018թ.–ի իշխանափոխությունից հետո միայն ու օրինականացման խնդրանքով դիմում ներկայացրել քաղաքային իշխանությանը։

Բայց սա էլ դեռ ամբողջը չէ։ Պարզվում է` բացի անօրինական կառուցված առանձնատնից, Սուրիկ Խաչատրյանը նույն տարածքում չի բավարարվել միայն սեփականության իրավունքով իրեն պատկանող հողատարածքով ու նաև համայնքին պատկանող հողատարածք է զավթել, որի չափերը քաղաքի իշխանությանը հայտնի չեն։

«Նշված հասցեում առկա է նաև ինքնակամ զբաղեցրած համայնքային հողամաս, որի մակերեսի վերաբերյալ տվյալներին չենք տիրապետում, քանի որ սեփականատիրոջ կողմից չափագրում չի պատվիրվել»,– նշված է Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանից ստացված տեղեկանքում: 

Քաղաքապետարանը մերժել է նախկին պաշտոնյայի դիմումը և դրան ընթացք չի տվել։

Այս պահին խնդիրը մասնագիտական ուսումնասիրության փուլում է։ Քաղաքային իշխանությունը խոստանում է ուսումնասիրության ավարտին հանդս գալ ավելի հանգամանալից պարզաբանմամբ։

Ինչպես են կառուցվել նախկին պաշտոնյաների առանձնատները

Սյունիքի նախկին մարզպետն, ի դեպ, այս տարածքում միանգամից երկու հողամասերի սեփականատեր է. նրան է պատկանում ոչ միայն Կարապետ Ուլնեցու հ. 32/11, այլև հարևանությամբ գտնվող 32/12 հասցեում գտնվող հողամասը։ Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից, որի համաձայն 2018թ–ին Սուրիկ Խաչատրյանի վարորդը` Արագած Ղևոնդյանը, որպես լիազորված անձ, դիմում էր ներկայացրել այդ երկու հասցեները 1 միասնական` Կարապետ Ուլնեցու փողոց, հ. 32/12 հասցեի ներքո միավորելու համար, ինչը և արվել էր քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի` 2018թ.–ի հուլիսի 19-ի որոշմամբ, քանի որ Տարոն Մարգարյանը դրանից 10 օր առաջ արդեն հրաժարական էր տվել։

Գրանցված չէ. կադաստրի պետի անկեղծությունը Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մասին

Ինչպես արդեն հայտնել ենք` Սյունիքի մարզպետը նախկին պաշտոնյաներից միակը չէ, որ իշխանափոխությունից հետո որոշել է օրինականացնել ապօրինի կառուցած առանձնատունը։ Նույն հարցով քաղաքային իշխանությանն է դիմել նաև ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Օսիպյան. «Ոչ մի աշխատավարձով հնարավոր չէ նման առանձնատուն գնել»

Հիշեցնենք` «Հաղթանակ» զբոսայգու հարակից տարածքում ապօրինի կառուցված առանձնատների մասին կառավարության փետրվարի 20-ի նիստում հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով` տարիներ շարունակ նախորդ իշխանությունները ՀՀ օրենքները հարմարեցրել են իրենց շահերին ու օրինականացրել իրենց ապօրինությունները։

Ինչ վերաբերում է «Հաղթանակ» զբոսայգու հարակից տարածքում զավթված համայնքային հողատարածքներին ու կառուցված անօրինական առանձնատներին, վարչապետը նշել էր, որ քաղաքապետարանին ու Կադաստրի կոմիտեին հանձնարարել է մանրամասն ուսումնասիրել տեղի կառույցների կարգավիճակն ու կայացնել համապատասխան որոշումներ։

Վարչապետը խոստացել էր հարկ եղած դեպքում կիրառել անցումային արդարադատության գործիքները, քանի որ տեղի ունեցածը, նրա բնորոշմամբ, արհամարհանք է հանրային կարծիքի և Հայաստանում տեղի ունեցած գործընթացների նկատմամբ։

Ո՞ւմ կդատեն Սևանին հատկացրած գումարները յուրացնելու համար. քրեական գործ հարուցվեց