Երվանդ Զախարյանի և Արսեն Լալայանցի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. ՀՔԾ

«Հաղթանակ» զբոսայգու` օտարման ոչ ենթակա տարածքի օտարման դեպքով հարուցված քրեական գործը չի կարճվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետ Արսեն Լալայանցի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Sputnik Արմենիայի հարցմանն այսպես պատասխանեցին ՀՔԾ-ի մամուլի ծառայությունից։

«Քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Զախարյանը և Լալայանցը կատարել են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքներ։ Այսինքն` պաշտոնեական դիրքի չարաշահում է տեղի ունեցել»,–հայտնում են ՀՔԾ–ից։

Նրանց գործողությունների հետևանքով «Հաղթանակ» զբոսայգու մասը կազմող և պետական սեփականություն հանդիսացող 2.990.000.000 դրամ շուկայական արժեքով օտարման ոչ ենթակա 10 000 քմ մակերեսով հողամասը Երևանի քաղաքապետի` 2008 թ.–ի որոշմամբ 2009թ.–ին 164.760.000 դրամով վաճառվել է մասնավոր ընկերության։

Ինչպես են կառուցվել նախկին պաշտոնյաների առանձնատները

Հասարակությունը, այսպիսով, հանիրավի զրկվել է ազգային զբոսայգու մի ստվար հատվածից:

Սակայն նկատի ունենալով, որ անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված ժամկետները, Զախարյանն ու Լալայանցը դիմել են վարույթն իրականացնող մարմնին։ ՀՔԾ քննիչը որոշել է քրեական հետապնդումը դադարեցնել:

Որոշման օրինակն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն, որպեսզի հողամասի օտարման գործարքներն առ ոչինչ ճանաչվելու հարցը քննարկվի։

«Հաղթանակ» զբոսայգու տարածքում 756 շինություն կա. թողնելը մի խնդիր է, քանդելը` մեկ այլ

Միաժամանակ, հողակտորի օտարման քրեական գործով նախաքննությունը շարունակվում է «Հաղթանակի» հարակից տարածքներում գտնվող առանձնատների կառուցման համար հողահատկացման իրավաչափությունը և մյուս հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ 2019–ի սեպտեմբերի 28–ին ՀՔԾ–ն հայտնել էր, որ Զախարյանի դեմ քրեական գործ է հարուցվել և մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` պաշտոնեական լիազորությունները չարաշահելը։

Երևանի զբոսայգու տարածքում կառուցված տները կարող են քանդվել