ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան:
Բաբայանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ դատական ատյանից ակնկալում է արդարադատություն, քրեական գործի արդարացի հանգուցալուծում։
«Ընդհանրապես այս գործը գոյություն ունենալու իրավունք չուներ, բայց քանի որ գնացել է դատարան, հույս ունեմ, որ դատարանում տեղի կունենա արդարադատություն։ Նույնիսկ նախաքննության ընթացքում փոխված մեղադրանքներն անհեթեթություն են, անբնական են և ինչպես արդեն ասել եմ` հանցադեպ գոյություն չունի»,– նշեց նա
Բաբայանի փոխանցմամբ` ուղղակի իշխանությունը որոշեց, որ չի կարող միանգամից ընդունել իր սխալները և գնաց այս ճանապարհով` հույսը դնելով դատարանի վրա։
Նրա խոսքով`իրենք արդեն դուրս են եկել նախաքննության գաղտնիության փուլից, հետևաբար դատարանում բոլորն ականատես են լինելու հետաքրքիր իրադարձությունների, հատկապես այն ապօրինությունների մասով, որոնք թույլ են տրվել քրեական գործի քննության ընթացքում։
Բաբայանի համոզված է` բոլորը կտեսնեն նաև փաստերի վրա ապացուցված այն հանգամանքը, որ ընդհանրապես որևէ հանցագործություն տեղի չի ունեցել։
Հիշեցնենք` Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի և 314-րդ հոդվածի 1-ին մասերով` Արա Բաբլոյանի և այլ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու համար:
Վարոսյան. «Դատարանը ճանաչել է Արսեն Բաբայանի իրավունքների խախտման փաստը»