ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. Այսօր Ամստերդամում կայացավ Ազգերի լիգայի 2020/21 մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանությունը, որի արդյունքում պարզ դարձան Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները:
Մեր հավաքականի առաջին պաշտոնական հանդիպումը կկայանա 2020 թվականի սեպտեմբերի 3-5-ը: Հենց այդ ժամանակահատվածում է մեկնարկելու Ազգերի լիգայի երկրորդ կամ 2020/21թթ խաղարկությունը: C լիգայում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են լինելու Էստոնիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Վրաստանի հավաքականները:
Ազգերի լիգայի առաջին խաղարկությունում Հայաստանի հավաքականը չկարողացավ առաջին տեղը զբաղեցնել իր խմբում, որտեղ մեր ընտրանու մրցակիցներն էին Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի և Ջիբրալթարի հավաքականները: Խմբում Հայաստանի հավաքականը զբաղեցրեց երկրորդ տեղը` առաջ թողնելով Մակեդոնիայի ընտրանուն:
Ազգերի լիգայի առաջին խաղարկությունում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը Արմեն Գյուլբուդաղյանցն էր, որի գլխավորությամբ մեր ընտրանին տոնեց 3 հաղթանակ, մեկ հանդիպում ավարտեց ոչ-ոքի և կրեց երկու պարտություն: Իսկ ո՞վ է առաջնորդելու մեր հավաքականը ՈւԵՖԱ-ի հավանու ներքո անցկացվող այս մրցաշարի երկրորդ խաղարկությունում` դժվար է ասել:
2020 թվականի մարտի 26-ին և 30-ին Հայաստանի հավաքականը ընկերական երկու հանդիպում է անցկացնելու համապատասխանաբար Ուզբեկստանի ու Ղազախստանի հավաքականների հետ: Միգուցե մինչև դա հայտնի կդառնա` ով է ստանձնելու հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 2020 թվականին երկկողմանի համաձայնությամբ խզեց պայմանագիրը հավաքականի արդեն նախկին մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ, որը թիմը գլխավորեց մի քանի ամիս և անցկացրեց երկու հանդիպում: Լուրեր են տարածվում, որ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը վստահվելու է իսպանացի Այտոր Կարանկային: Կան տեղեկություններ նաև, որ Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Սանտյագո Սոլարիի հետ էլ են բանակցություններ անցկացվել:
«Աշխատում եմ ձեռք չսեղմել և չգրկախառնվել». հայ մարզիկները` իրենց սովորությունների մասին
Շատ կարևոր է, որ մարտի վերջին կայանալիք ընկերական հանդիպումներից առաջ գլխավոր մարզիչը նշանակված լինի: Այդ դեպքում ընկերական անընդմեջ երկու խաղերի ընթացքում նոր մարզիչը ֆուտբոլիստների հետ ծանոթանալու հնարավորություն կունենա և կկարողանա մեկնարկային գնահատական տալ հավաքական իրական հնարավորություններին:
Ազգերի լիգայի խմբային փուլի հանդիպումները կանցկացվեն 2020 թվականի սեպտեմբերից նոյեմբեր ամիսներին, իսկ եզրափակիչը` 2021 թվականին: