Կառավարությունն իրենից կախված ամեն ինչ կանի բիզնես միջավայրի բարելավման համար. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի խոսքով` գործարարների օրն առիթ է ոչ միայն Ալեքսանդր Մանթաշովին արժանին մատուցելու, այլև Հայաստանի այն ձեռնարկատերերին, որոնք շարունակում են Մանթաշովի գործը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է` Հայաստանի կառավարությունն իրենից կախված ամեն ինչ կանի բիզնես միջավայրի բարելավման ու նոր ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունների ընդլայնման համար։ Փաշինյանն այս մասին նշել է Գործարարի օրվա կապակցությամբ իր ուղերձում։

Գագիկ Բեգլարյանի դեմ քրեական գործ կհարուցվի՞. գործարարը դիմել է ԱԱԾ

«Բոլորիդ շնորհավորում եմ Գործարարի օրվա կապակցությամբ։ Խորհրդանշական է, որ օրը ընտրվել է՝ հաշվի առնելով հայտնի ձեռնարկատեր ու բարերար Ալեքսանդր Մանթաշովի ծննդյան օրը։ Մեր երկրում գործարարի կերպարի բնորոշիչներն են՝ արդար, օրինական, քրտնաջան աշխատանքով ձևավորված վաստակը՝ հենված կոնկրետ մեկ նպատակադրման վրա՝ հարստանալ և հարստացնել հայրենիքը, ժողովրդին, պետությունը»,– նշված է ուղերձում։

Նրա խոսքով` տոնն առիթ է ոչ միայն արժանին մատուցելու Ալեքսանդր Մանթաշովին, այլև Հայաստանի այն ձեռնարկատերերին, որոնք շարունակում են Մանթաշովի գործը։

Ինչ պետք չէ անել նոր բիզնես սկսելիս

Վարչապետը նշել է, որ գործարարներին համարում է կառավարության թիվ մեկ դաշնակիցը երկրի զարգացման գործում։

Հիշեցնենք, որ 2019թ-ին ՀՆԱ–ի աճը 2018թ-ի համեմատ կազմել է 7.6 տոկոս։ Փաշինյանը հույս է հայտնել, որ 2020թ–ին աճն ավելի շատ է լինելու։