Գյումրու աղբանոցում գտնված երեխայի մայրը մեղքը չի ընդունում, հայրը` արժանի պատիժ պահանջում

Գյումրիում մանկահասակ երեխայի սպանության գործով դատական նիստին երեխայի հայրը մանրամասներ ներկայացրեց:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մանկահասակ երեխայի սպանության գործով դատական նիստը մեկնարկեց դատախազի մեղադրական եզրակացությամբ, որով դատախազը երեխայի մորը՝ Անի Մինասյանին, մեղադրանք առաջադրեց ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ (մեկ ուրիշին կյանքից ապօրինի զրկելը): Ամբաստանյալ Անի Մինասյանը հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում:

Գյումրու աղբանոցում գտնված երեխայի մայրը մեղքը չի ընդունում, հայրը` արժանի պատիժ պահանջում

Մահացած երեխայի հայրը՝ Արթուր Ալեքսանյանը, պատմեց, որ երեխայի ծնվելուց հետո մայրը 2 անգամ նրան թողել է տանը ու հեռացել: Մեկ անգամ նույնիսկ 1 շաբաթով է գնացել ու թողել դեռ 11 ամսականը չլրացած փոքրիկին: Երեխային իր մոտ է պահել սկեսուրը:

Գյումրու աղբանոցում հայտնաբերված երեխայի մայրն ամուսնալուծված է. նոր մանրամասներ

Նախաքննության ժամանակ Անին նշել էր, որ երեխային աղբաման նետելու քայլին է գնացել սոցիալական վիճակից դրդված: Ի հակադրություն սրան` երեխայի հայրն ասաց, որ պահելու խնդիր չի եղել: «Վերջին անգամ գնալիս Անին իր հետ տնից տարել է ողջ ոսկեղենը` մոտ 600 հազար դրամի, բացի այդ, իմ հետ խոսելուց հետո ես ասել եմ, որ ամեն շաբաթ երեխայի համար 5 հազար դրամ կտամ: 2 անգամ 5 հազարական դրամ եմ տվել: Երբ մի անգամ տնից գնաց ու թողեց երեխային, ես ասացի՝ հրաժարվի երեխայից, ես կպահեմ, բայց ինքը վերցրեց նրան ու գնաց: Մենք կպահեինք, եթե հրաժարվեր, բայց կարծում էինք, որ երեխայի համար ամենալավը մոր հետ մնալն էր»,-նշեց նա:

Արթուրը նաև պատմեց, որ Անին դեպքի օրը, հավանաբար բոլորին շեղելու համար, սկեսրոջ հեռախոսին նամակ է ուղարկել` նշելով, որ ինքը երեխայի հետ գնում է Երևան: «Ըստ երևույթին, այդ դեպքն արդեն տեղի էր ունեցել, պարզապես շեղելու համար դա գրել էր»,-նշեց տուժողի իրավահաջորդը:

Վերջում Արթուրը դատարանին խնդրեց ու պահանջեց, որ Անիին արժանի պատիժ սահմանեն: «Ինքը դիտավորյալ իմ երեխային սպանել է, դա անմարդկային քայլ է, որը մարդու ուղեղի մեջ չի տեղավորվում»:

Գյումրու աղբանոցում գտնված երեխայի մորը մեղադրանք է առաջադրվել սպանության հատկանիշներով

Տուժողի իրավահաջորդին լսելուց հետո հանրային պաշտպան Ժորա Պետրոսյանը դիմեց դատարանին դատը հետաձգելու միջնորդությամբ, որպեսզի պաշտպանական կողմը պատշաճ պատրաստվի ներկայացված հարցերին պատասխանելու:

Դատական հաջորդ նիստը կկայանա մարտի 20-ին:

Հիշեցնենք` 2019–ի օգոստոսի 31–ին Գյումրու Բուլվարային թաղամասի աղբանոցում մոտ 1 տարեկան երեխայի դի էր հայտնաբերվել։ Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Գյումրիում բնակվող մի կին կպչուն ժապավենով կապել է իր՝ 2018-ի սեպտեմբերին ծնված դստեր ձեռքերն ու ոտքերը, բերանին փաթաթել կիսաշրջազգեստ։ Հետո երեխային տեղափոխել և դրել է փողոցում տեղակայված աղբարկղերից մեկի մեջ։

Նախաքննության ընթացքում նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ մանկահասակ երեխան մահացել է մեխանիկական շնչահեղձությունից՝ սննդային զանգվածով շնչառական ուղիների փակման հետևանքով: