Ադրբեջանում կորոնավիրուսի նոր դեպքեր են գրանցվել․ իշխանությունը փակել է Իրանի հետ սահմանը

Վարակված քաղաքացիները վերջերս Իրանում են եղել։ Այժմ նրանք հիվանդանոցում են, նրանց վիճակը կայուն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի — Sputnik. Իրանից վերադարձած Ադրբեջանի երկու քաղաքացիների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը` հղում անելով կառավարությանը կից օպերատիվ շտաբի տվյալներին։

Վրաստանում կորոնավիրուսով վարակվելու 3-րդ դեպքն է գրանցվել

Փետրվարի 28-ին այդ նույն շտաբը հաստատել էր կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների` վարակվածը Ռուսաստանի քաղաքացի է, Ադրբեջանի տարածք է հասել Իրանից:

Հիմա արդեն 22 ու 47 տարեկան երկու տղամարդու են հիվանդանոց տեղափոխել։ Հետազոտությունը հաստատել է ախտորոշումը։ Վարակվածների վիճակը կայուն է։

Մասնագետները պարզում են՝ ում հետ են շփվել վարակվածները։ Հայտնի է, որ ավելի վաղ նրանք եղել են Ղոմում, Թավրիզում ու Թեհրանում։

Կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով Ադրբեջանն այսօրվանից երկու շաբաթով փակել է Իրանի հետ սահմանը։

Իշխանությունը հայտարարել է, որ Ադրբեջանում գտնվող Իրանի քաղաքացիներին կօգնեն հայրենիք վերադառնալ, իսկ Իրանում գտնվող ադրբեջանցիներին` Ադրբեջան։

Կորոնավիրուսը նաև Կատար հասավ

Նշենք, որ Հայաստանի կառավարությունը փետրվարի 24-ին երկու շաբաթով փակել է Իրանի հետ ցամաքային սահմանը։ Օդային հաղորդակցության նկատմամբ ևս որոշակի սահմանափակումներ են կիրառվել։ Մասնակի սահմանափակվել են նաև ՀՀ–ից դեպի Իրան օդային փոխադրումները։ Սակայն Հայաստան ժամանակ Իրանի բոլոր քաղաքացիները կարող են տուն վերադառնալ, Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիներն էլ կարող են առանց սահմանափակումների Հայաստան վերադառնալ։

Իրանում կորոնավիրուսից ֆուտբոլիստ է մահացել. երիտասարդ աղջկան չեն կարողացել փրկել