«Ծնողները մեզ չեն լսում». ՊՆ փոխնախարարը խոսել է բանակի լրջագույն խնդիրների մասին

Վերջին օրերին բազմաթիվ հեռախոսներ են վերցրել զինծառայողներից ու փոխանցվել հարազատներին։ Սակայն հարազատները նորից հեռախոսները փոխանցում են զինծառայողներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Բանակում մահվան դեպքերից հետո տեղի ունեցած պաշտոնանկություններն այդ դեպքերի հետևություններից մեկն էր` շատ ավելի լուրջ աշխատանք է տարվում։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը` անդրադառնալով այս տարի բանակում խաղաղ պայմաններում գրանցված 13 մահվան դեպքերին։

Բանակում հաշվառում են «արտոնյալներին», սպաներին և՛ պատժում են, և՛ խրախուսում. ԳՇ պետ

Բանակում մահվան դեպքերի պատճառը փո՞ղն է. Փաշինյանը վարկած ունի

«Բանակում արձանագրված մահվան դեպքերը մենք արձանագրում ենք որպես թերություն, որը շտկելու համար աշխատելու շատ տեղ ունենք` ծառայության պայմանները բարելավելուց սկսած։ Դրանք որևէ ձևով ներելի չեն»,–ասաց փոխնախարարը։

Հարցին` հնարավո՞ր է սմարթֆոնները պատճառ դառնան միջանձնային հարաբերությունների լարման` Բալայանը պատասխանեց, որ իրականում սմարթֆոնների մուտքն արգելված է ԶՈՒ–ում` բարոյահոգեբանական մթնոլորտի ապահովման և անձնակազմի անվտանգության ապահովման համար։ Նրա խոսքով` խստացրել են հսկողությունն այդ առումով, վերջին օրերին բազմաթիվ հեռախոսներ են վերցրել զինծառայողներից ու փոխանցվել հարազատներին։ Բալայանը նշեց` վերջերս մի զինվորի մոտ 4 հեռախոս էր հայտնաբերվել։

Ըստ նրա` եթե փորձեն ընդհանրապես արգելել բջջայինները ԶՈՒ–ում` իրենց կմեղադրեն, որ ինչ–որ բան են փորձում թաքցնել հասարակությւոնից, չեն թողնում զինվորը ծնողների հետ շփվի և այլն։

«Բացի այդ, մենք քանիցս խնդրել ենք ոգելից խմիչքներ չուղարկել զինծառայողներին, սակայն ծնողները մեզ չեն լսում։ Այսինքն` շատ դեպքերում զոհի կարգավիճակում են հայտնվում այն զինվորները, որոնք պետք է տույժի ենթարկվեն։ Մյուս կողմից, եթե արգելված իր է մուտք գործում բանակ, իհարկե, ստորաբաժանման հրամանատարն է մեղավոր»,–ասաց Բալայանը։

Հիշեցնենք, որ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 19–ին ստորագրեց Ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանին և ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանին պաշտոնից ազատելու որոշումները։ 2020 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 17-ը Արցախի և Հայաստանի Զինված ուժերում գրանցվել է զինծառայողների մահվան 13 դեպք, որից 4-ը դժբախտ պատահարի հետևանքով են, 4-ը պայմանավորված են ծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներով՝ հիվանդություն, անձնական խնդիրներ։ Մնացած 5 դեպքերի առնչությամբ հարուցված են քրեական գործեր, հանգամանքները պարզվում են:

Հայկական բանակում մահվան դեպքերը հնարավոր է կանխել. ինչի՞ց է պետք սկսել