Իրանում գտնվող ՀՀ 82 քաղաքացիները տեղափոխվել են Երևան

Նախարարի տեղեկացմամբ` մինչ օրս կատարվել է 108 լաբորատոր թեստ. բոլորը եղել են բացասական։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Իրանում գտնվող 82 ՀՀ քաղաքացի քիչ առաջ ժամանել են Երևան։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Լեփ–լեցուն հիվանդանոցներ ու խուճապահար ծնողներ. կորոնավիրուսի վախը հիվանդանոց է տանում

«Թեհրանից ժամանեց հերթական և, կարծես թե, այս պահին վերջին ինքնաթիռը մեր 82 քաղաքացիներով։ Նրանց կրկին ուղեկցել էր մեր մասնագետը՝ հենց Թեհրանից հետևելով նրանց ինքնազգացողությանը և օբյեկտիվ ախտանշաններին։ Ուղևորներից ոչ մեկը չի ունեցել բարձր ջերմություն կամ սուր շնչառական վարակի ախտանիշ։ Նրանք բոլորը կգտնվեն տնային հսկողության տակ»,–գրել է Թորոսյանը։

Նրա տեղեկացմամբ` մինչ օրս կատարվել է 108 լաբորատոր թեստ. բոլորը եղել են բացասական։

Հիշեցնենք, որ փետրվարի 26–ին Թեհրան-Երևան ինքնաթիռը 52 ուղևորի փոխադրեց «Զվարթնոց» օդանավակայան`մասնագետի ուղեկցությամբ։

Նշենք, որ այսօր կորոնավիրուսի վարակման դեպք էր գրանցվել հարևան Ադրբեջանում, իսկ Վրաստանում հաստատվել էր վարակվելու 2-րդ դեպքը։