«Հնարավոր է` թեյ կամ օղի խմի և լավանա՞». կորոնավիրուսի մասին Փաշինյանի հարցը Թորոսյանին

Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշման թեստերի պակաս չկա. այս պահին 850 թեստ կա, ևս 3000 թեստ կստանանք առաջիկա օրերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik.Հայաստանում այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակվելու որևէ դեպք չի հաստատվել։ Կառավարության այսօրվա նիստի մեկնարկից առաջ կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքների հետ կապված` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին այսպես պատասխանեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Ճապոնիայում և Կորեայում գտնվող ՀՀ քաղաքացիներին դեսպանատունը հորդորում է կապի մեջ լինել

«37 երկրներում արդեն իսկ տարածվել է կորոնավիրուսը, և արդեն իսկ 81 109 մարդու վարակման դեպք է գրանցվել, որից 2718–ը` մահվան ելքով։ Սակայն վարակվածների մեծ մասը բուժվում է, ավելին, բուժվողների մեծ մասն ինքնուրույն է բուժվում»,–ասաց Թորոսյանը;

Փաշինյանը հետաքրքրվեց Թորոսյանից, թե` այսինքն` հնարավոր է մարդը թեյ, սուրճ կամ օղի խմի ու լավանա՞։ Ի պատասխան նախարարը նշեց, թե` այո, քանի որ կորոնավիրուսը շատ չի տարբերվում գրիպից, շատերը չեն էլ հասկանում, որ կորոնավիրուսով են վարակվել։

Նախարարը հայտնեց նաև, որ այս պահին կորոնավիրուսի ախտորոշման 850 թեստ ունեն, ևս 3000 թեստ կստանան առաջիկա օրերին։

Նրանք 14 օր կմնան մեկուսացման մեջ. Թորոսյանը` Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսի մասին

«Վերջին երկու օրերին Իրանից 69 բեռնատար է հատել ՀՀ սահմանը։ Դրանք ուղեկցվել են ոստիկանների կողմից, հատուկ պահեստներում բեռնաթափում իրականացվել։ Պրակտիկորեն, հնարավոր ամեն ինչ արվում է, որ վարակի ներթափանցումը ՀՀ` կանխվի»,–ասաց Թորոսյանը։

Ի պատասխան Փաշինյանն ասաց, որ բացառվում է` Հայաստանում լինի կորոնավիրուսով վարակման դեպք, ու ՀՀ կառավարությունը թաքցնի դա հանրությունից։

Հիշեցնենք, որ երեկ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը։ Վարակվածը Վրաստանի քաղաքացի է, որը երեկ է ժամանել Իրանից։ 50 տարեկան տղամարդը Վրաստան է հասել Ադրբեջանով։ Առողջապահության նախարարը նշել է, որ վարակված տղամարդն անմիջապես տեղափոխվել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց, և նա այլ մարդկանց հետ շփում չի ունեցել։

Կորոնավիրուսի պատճառով ՊՆ–ն արգելել է զորամասերում այցելություններն ու արձակուրդները