Կորոնավիրուսի ստուգման նպատակով Հայաստանում 1 ամսում 37 մարդ է հոսպիտալացվել

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ներկայացրել է կորոնավիրուսի ներթափանցումը կանխելուն ուղղված միջոցառումների իրականացման մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Վերջին 1 ամսում` հունվարի 24-ից մինչև փետրվարի 24-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ սահմանային հսկիչ կենտրոնից ու օդանավակայանից, 37 անձ է հոսպիտալացվել` կորոնավիրուսի առկայությունը ստուգելու նպատակով։

Կորոնավիրուսի բռնկում. ինչ վիճակ է Հայաստանում և ինչ է արվում դրա դեմ պայքարի ուղղությամբ

Այս մասին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը։

«Մենք համագործակցում ենք ԱԱԾ-ի, ԱԳՆ-ի հետ, երբ գիտենք, որ վտանգավոր երկրներից ժամանող ուղևորներ ենք ունենալու, նախօրոք իրենց մասով լրացվում են հասցեական քարտեր: Հունվարի 24-ից արդեն 1271 հասցեական քարտ ենք լրացրել, որոնցից 36-ը հոսպիտալացվել են սահմանային հսկիչ կետերից․ մեծ մասը՝ «Զվարթնոց» օդանավակայանից, երկրորդ տեղում Բագրատաշենն է», – ասել է նա։

Եվ մեկ ՀՀ քաղաքացի հոսպիտալացվել է Մեղրիի անցակետից։ Նա, ըստ Ավագյանի, առևտրով է զբաղվում, հիվանդանոցում հաստատվել է, որ նա ևս կորոնավիրուսով վարակված չէ:

Հայաստանը ձեռք է բերել կորոնավիրուսի ախտորոշիչ թեստերի նոր խմբաքանակ. նոր տվյալներ

«Մենք ժամանող մարդկանց ոչ միայն ջերմությունն ենք ստուգում: Հեռահար ջերմաչափման գործիքներից զատ արտաքին զննություն է անցկացվում: Կարող է ջերմություն չունենա, կամ դիտավորյալ դեղ խմած լինի, որ իջնի, բայց ախտանիշներ լինում են: Ակնհայտ ախտանիշները հնարավոր է ճանաչել»,- ասել է Ավագյանը:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի խոսքով` սահմանին ու օդանավակայանում անվտանգության միջոցառումները շարունակվում են։

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է հայտնաբերվել. ՌԴ-ում Չինաստանի դեսպան

Հիշեցնենք, որ Իրանում փետրվարի 25–ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 95-ի, արձանագրվել է 15 մարդու մահ։ Հայաստանում վարակի դեպք չի արձանագրվել։