ՁԻԱՀ–ի կենտրոնը նոր ղեկավար ունի. կոլեկտիվը նրան չի ընդունում

ՁԻԱՀ–ի կենտրոնի տնօրենի նոր պաշտոնակատարին աշխատակազմին ներկայացնելու համար բուժհիմնարկ է այցելել առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը։ Կենտրոնի մասնագետները փոխնախարարին հայտնել են իրենց անհամաձայնությունն ու լքել դահլիճը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը հայտնում է, որ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրենը փոխվել է։

Բոլոր վարակները մի տեղում. ինչ կլինի «Նորքի ինֆեկցիոնում»

Ըստ նրա` կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանի հետ աշխատանքային պայմանագիրը դադարեցվել է`աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ իրականացնելու հիմքով:

Նախարարի մեկ այլ հրամանով կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Բերբերյանը:

Ըստ հրամանի` նոր ժամանակավոր տնօրենը զբաղվելու է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին միացնելու մասին կառավարության որոշման պահանջների կատարմամբ:

Կենտրոնի համաճարակաբանական բաժնի պետ Արշակ Պապոյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ ՁԻԱՀ–ի կենտրոնի աշխատակազմը ո՛չ նոր ղեկավարին, ոչ էլ նախարարի որոշումը չի ընդունում։

ՁԻԱՀ–ի կենտրոնը նոր ղեկավար ունի. կոլեկտիվը նրան չի ընդունում

Նա նշեց, որ տնօրենի նոր պաշտոնակատարին ՁԻԱՀ–ի կենտրոնի աշխատակազմին ներկայացնելու համար նրա հետ այսօր բուժհիմնարկ է այցելել առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը։ Կենտրոնի մասնագետները փոխնախարարին հայտնել են իրենց անհամաձայնությունն ու դուրս եկել դահլիճից։

«Մենք մեր անհամաձայնությունը հայտնել ենք, որովհետև դա ընդունում ենք, որպես ճնշում` լռեցնելու կառավարության այդ որոշման դեմ մեր անհամաձայնությունը, որպեսզի մենք ձայն չհանենք»,– ասաց Պապոյանը։

Պայքար ՁԻԱՀ–ի դեմ. ո՞ր մարզում է իրավիճակն առավել ողբալի

ՁԻԱՀ–ի կենտրոնում նախարարի այս որոշումը նաև անօրինական են համարում, քանի որ ըստ նրանց, այն հակասում է ՀՀ աշխատանքային օրենսգրքին, որի 114-րդ հոդվածի 1-ին կետի 1–ին ենթակետը նշում է` աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է։

«Մենք համարում ենք, որ այդ հրամանն օրենքից դուրս է, ու չենք պատրաստվում այն ինչ–որ կերպ կատարել»,– նշեց Պապոյանը։

Չեմ ուզում գողեգող գնալ դեղս ստանալու. ՄԻԱՎ–ով ապրողներին սարսափեցրել է գործադիրի որոշումը

Նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատարն, ի դեպ, փոխնախարարի հեռանալուց հետո մնացել է կենտրոնում։ Նա, մեր զրուցակցի խոսքով, այս պահին էլ այնտեղ է, բայց հիվանդանոցի աշխատակիցները բոյկոտում են ու չեն ընդունում նրան որպես ղեկավար։

Հիշեցնենք` ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին միացնելու որոշումը ՀՀ կառավարությունն ընդունել էր 2020թ–ի հունվարի 30-ին։

Թե իրականում ինչ փոփոխություններ են սպասվում երկու բուժհիմնարկների կյանքում, պարզ կլինի միայն 2 ամսից, քանի որ միավորման գործընթացը պաշտոնապես կգրանցվի միայն մարտի 30-ից հետո։

Ստեղծվող նոր ընկերությունում կձևավորվի նոր գործադիր մարմին, վերստուգող հանձնաժողով, կմշակվի նոր կանոնադրություն։ Պետությունը նորաստեղծ ընկերությունը կգրանցի եռամսյա ժամկետում։

Բոլոր վարակները մի տեղում. ինչ կլինի «Նորքի ինֆեկցիոնում»

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում, սակայն, այս որոշումը չեն ընդունում` պնդելով, որ այն կխաթարի այն ամենը, ինչը ստեղծվել է տարիների աշխատանքով։

Կենտրոնի աշխատակիցները նշում են նաև, որ որոշումը կայացվել է միանձնյա և ընդունելուց առաջ այն մասնագիտական քննարկման չի դրվել։