ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը խոստանում է, որ վաղը` փետրվարի 26–ին, լավ, անուշ եղանակ է լինելու։
«Վաղը հավես օր է, կապույտ ջինջ երկինք, արև, անուշ եղանակ»,–Facebook-ի իր էջում գրել է Սուրենյանը։
Օգտատերերը ակտիվ մեկնաբանել են Սուրենյանի հրապարակումը։ Նրանցից ոմանք տեղումների բացակայության հավաստիացում են պահանջել, որպեսզի ավտոմեքենաները լվանան։
«Փաստորեն խոստացված տաք փետրվարը սկսվեց»,–գրել է օգտատերերից մեկը` հեգնելով, որ փետրվարի սկզբին Սուրենյանը տաք ամիս էր խոստացել։ Ոմանք է Սուրենյանին անվանել են «սրտի օդերևութաբան»։
Նշենք, որ այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր, որ Շիրակի մարզում ձյուն է գալիս, իսկ Գյումրի քաղաքում և Աշոցք գյուղում կրկին բուք է:Փետրվարի 25-ի ամբողջ օրը հյուսիսային շրջաններում` հատկապես լեռնային գոտիներում, սպասվում է բուք և տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով: