Նոր ու անսովոր զբոսաշրջային ուղղություն. Թունիս գնալն ավելի է հեշտանում

ՀՀ քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի Մոսկվա հասնել՝ Թունիսի մուտքի արտոնագիր ստանալու համար: Հայաստանցիների համար գործելու է վիզայի ստացման դյուրացված կարգ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Այսուհետև հայաստանցի զբոսաշրջիկներն ավելի հեշտությամբ կկարողանան տեսնել պատմական Կարթագենն ու հանգիստն անցկացնել թունիսյան 1300 կմ ձգվող լողափերին: Հունիսի 29-ից հայաստանյան ավիաշուկա է մուտք գործում նոր ավիափոխադրող. «Նուվելէյր» ավիաընկերությունն ամեն շաբաթ կիրականացնի ուղիղ չարտերային թռիչքներ Թունիսի հայտնի հանգստավայր Մոնաստիրից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ: Ավիաընկերությունը Հայաստան է բերել «Անռիվա-Տուրը»: Փետրվարի 24-ին «Ռամադա» հոթելում կայացավ նոր ուղղության շնորհանդեսը:

Նոր ու անսովոր զբոսաշրջային ուղղություն. Թունիս գնալն ավելի է հեշտանում

 

Նախկինում Թունիսը հայաստանցի զբոսաշրջիկների շրջանում պահանջարկ չուներ ոչ միայն ուղիղ թռիչքների բացակայության պատճառով, այլ նաև մուտքի արտոնագիր ստանալու բարդ ու խճճված գործընթացի: Թունիսյան կողմն արդեն համաձայնել է, որ ՀՀ քաղաքացիները մուտքի արտոնագիր ստանան օդանավակայանում՝ ժամանելիս: Նշենք, որ նախկինում Թունիսի վիզա ստանալու համար հայաստանցիները ստիպված էին մեկնել Մոսկվա: Այս պահին բանակցություններ են ընթանում նաև հյուպատոսական վճարը վերացնելու մասին:

«Մենք պատրա՞ստ ենք ունենալ ավիաընկերություն, որը դատարկ է թռչելու». Ռևազյան

Ի դեպ, 2021 թվականից թունիսյան ավիաընկերությունը նպատակ ունի գործարկել կանոնավոր թռիչքներ դեպի Հայաստան: Երկու երկրների միջև ուղիղ չվերթերի գործարկումը միայն զբոսաշրջային նպատակներ չի հետապնդում:

«Մենք ամեն ինչ կանենք, որ Հայաստանի և Թունիսի միջև հաստատվեն գործարար, տնտեսական, մշակութային կապեր: «Նուվելէյր» ավիաընկերությունն ունի նաև բեռնափոխադրման արտոնագիր: Հենց հունիսի 29-ից սկսած՝ հայկական արտադրանքը ներկայացնելու ենք Թունիսում և հակառակը»,-իր խոսքում նշեց «Անռիվա-Տուրի» տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանը:

Թունիսի քաղաքացիները ևս ուրախ կլինեն Հայաստան այցելել, եթե փոխադարձաբար նրանց համար էլ ՀՀ մուտքի արտոնագրերի ստացումը դյուրացվի: Թունիսցիները սիրում են ճամփորդել և մեկնել այնպիսի վայրեր, որտեղ նախկինում չեն եղել:

«Մենք շատ բան չգիտենք Հայաստանի մասին. Արարատի մասին գիտենք, քրիստոնեության, վերջերս էլ իմացանք, որ Ազնավուրն է հայ»,- ասում է ՌԴ-ում և ԱՊՀ երկրներում Թունիսի ազգային տուրիստական գրասենյակի ներկայացուցիչ Նեժի Գուեդիրը, որը հատուկ ժամանել է Երևան՝ հայաստանցիներին արևոտ ու հյուրընկալ Թունիսի մասին պատմելու համար:

Նոր ու անսովոր զբոսաշրջային ուղղություն. Թունիս գնալն ավելի է հեշտանում

Թունիսն այս տարի 9 ու կես միլիոն զբոսաշրջիկ է ընդունել ամբողջ աշխարհից: Թունիսցիները հյուրընկալ են, պարոն Գուեդիրը նշում է, որ այս առումով նման են հայերին. նրանք սրտաբաց պատրաստ են ընդունելու աշխարհի ցանկացած երկրից ժամանող զբոսաշրջիկի:

Ի՞նչ է պետք իմանալ Ryanair-ով ճամփորդելիս

Նշենք, որ Թունիսը թեպետ աֆրիկյան երկիր է, բայց կլիման մեղմ է՝ ձմռանը միջինը 17 աստիճան տաքություն է, ամռանը՝ 33: Այն աշխարհին հայտնի է ոչ միայն որպես ծովափնյա հանգստի, այլև մշակութային, պատմական տուրիզմի ուղղություն: Գրեթե 3000 տարվա պատմություն ունեցող այս երկրում հազարավոր պատմական հուշարձաններն են հաշվվում, 8-ն ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Դրանց թվում են պատմական Կարթագենն ու հայտնի Էլ-Ջեմ ամֆիթատրոնը: 230 թվականին կառուցված այս ամֆիթատրոնն ավելի լավ է պահպանվել, քան՝ Հռոմինը, այդ պատճառով էլ գեղարվեստական տարբեր ֆիլմերում հենց Էլ-Ջեմն  է ներկայացվում որպես հայտնի Կոլիզեյ:

Երևանից մինչև Մոնաստիր ուղիղ չվերթի տևողությունը մոտ 4 ժամ է: