Սերժ Սարգսյանն իրեն աջակցողներին հորդորեց տուն գնալ. ինչի՞ հույս ունի նա

ՀՀ երրորդ նախագահը վերցրեց ձայնափողը և դատարանի դիմաց հավաքված անձանց մոտ հայտարարեց` որն է իր կյանքի գերագույն նպատակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բակում հավաքված ՀՀԿ–ականներին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հորդորեց գնալ տուն։

«Մեծ հաշվով եկել եք պաշտպանելու արդարադատությունը, խնդրում եմ, որպեսզի իմ երախտագիտությունը տանեք ձեր մերձավորներին, հարազատներին, ովքեր չեն փորձել ձեզ համոզել այս անբարենպաստ եղանակին մնալ տանը՝ ինչպես ասում են, շառ ու փորձանքից հեռու։ Հաշվի առնելով եղանակային պայմանները և այն հանգամանքը, որ հույս կա` Հայաստանում դեռևս կան դատավորներ, որոնց համար արդարադատությունը վեր է ամեն ինչից ուղիղ այնպես, ինչպես ինձ, ձեզ համար, հայ ժողովրդի մեծամասնության համար ԼՂ անկախությունը վեր է ամեն ինչից, խնդրում եմ վերադառնալ տուն»,–ասաց նա։

Նա հորդորեց վերադառնալ տուն, զբաղվել առօրյա հոգսերով` չմոռանալով երբեք ՀՀ անվտանգության մասին։

Սարգսյանը նշեց, որ աշխարհի ամենաբարձր ամբիոններից պարբերաբար հայտարարել է ու հիմա էլ կրկնում է` Լեռնային Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում։

Ինչու են Ռոբերտ Քոչարյանի որդիներին կանչել ՀՔԾ

«Սա եղել է իմ կյանքի գերագույն նպատակը, այն ինձ ուղեկցելու է մինչև վերջ ու ամենուր։ Շատ շնորհակալ եմ, մինչ նոր հանդիպումներ»,–ասաց Սարգսյանը։

Հիշեցնենք` Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկում է Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրգործով առաջին դատական նիստը։

Ո՞րն է Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի կոստյումների տարբերությունը

Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել գյուղացիներին դիզելային վառելանյութ հատկացնելիս ֆինանսական խախտումներ իրականացնելու համար։ Սարգսյանին մեղադրում են, որ նա 2013թ.-ին հովանավորչություն է ցուցաբերել «Ֆլեշ» ընկերության նկատմամբ։ ՍՊԸ–ն հաղթել է դիզելային վառելիք առաքելու պետական մրցույթում, թեև առավել բարձր գին է առաջարկել, քան նրա մրցակիցը (մոտավորապես մեկ միլիոն դոլար տարբերությամբ)։

Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։

Արցախյան բանակցային գործընթացի մասին հարցը զայրացրեց Սերժ Սարգսյանին