Դատավորները քիչ են, դատարանները` գերծանրաբեռնված. Թաթոյանը` ՀՀ դատական համակարգի մասին

Մարդու իրավունքների պաշտպանն Ազգային ժողովում ներկայացրել է իրենց կառույցի ուսումնասիրությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Դատական համակարգի աշխատանքի արդյունավետության տեսանկյունից Հայաստանն աշխարհում շատ վատ վիճակում է։ Այսօր ԱԺ-ում կազմակերպված ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ իր ելույթում այս կարծիքը հայտնեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Ըստ նրա` խնդիրը պայմանավորված է այն հանգամանքով, որ դատարաններն աշխատում են գերծանրաբեռնված, դատավորների թիվը ակնհայտորեն ցածր է անհրաժեշտ թվից։

«Տարիներ շարունակ քաղաքացիները ՄԻՊ-ին հասցեագրած իրենց բազմաթիվ բողոքներում բարձրացրել են իրենց գործերի քննությունը ողջամիտ ժամկետում չիրականացնելու և դրա համար պատասխանատվության մեխանիզմների նախատեսված չլինելու հարցը։ Բողոքների մեծ մասը վերաբերում է նրան, որ դատարաններում գործերի քննությունը տարիներ է տևում»,- ասաց Թաթոյանը։

ՄԻՊ–ի կատարած ուսումնասիրությամբ պարզվել է, որ գործերից մեկով գործի դատաքննությունը շարունակ հետաձգվել է, ու շուրջ 50 դատական նիստ առհասարակ չի կայացել։ Մեկ այլ գործով քննությունն արդեն 8 տարի շարունակվում է ու դեռ չի էլ ավարտվել։

Դատավորներին կընտրեն հոգեբանական թեստով

«Միայն 7 դատավորների մոտ նման գործերի թիվը հասնում է 1123-ի»,- ասաց Թաթոյանը՝ վկայակոչելով ԲԴԽ-ի պաշտոնական վիճակագրությունը։

Արդյունքում այս գործերն ի վերջո ՀՀ դատական ատյանները սպառելուց հետո հասնում են ՄԻԵԴ, որտեղ արձանագրվում է եվրոպական կոնվենցիայի խախտում։

«Արդար դատավարության ու հիմնարար ազատությունների» եվրոպական կոնվենցիայի վավերացումից հետո, ըստ Թաթոյանի, Հայաստանի դեմ կայացված վճիռների 40%-ը վերաբերել է կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ արդար դատավարության իրավունքի խախտում, որի բաղադրիչ է նաև ողջամիտ ժամկետի պահպանման իրավունքը։

Այս առումով Թաթոյանը ողջունում է առաջարկվող նոր օրենքի նախագծում ողջամիտ ժամկետի եզրույթի ամրագրման նախաձեռնությունը։

Գերխնդիր է հլու–հնազանդ ՍԴ ունենալը. ի՞նչ ենք զոհելու այս ճանապարհին ըստ Հարությունյանի