ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Որտեղ պետք է բողոքարկվեն ապրիլի 5-ին անցկացվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները, եթե այդ փոփոխությունը վերաբերում է հենց ՍԴ-ին։
Այս հարցն այսօր ԱԺ-ում արդարադատության նախարար Ռուստան Բադասյանին ուղղեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
«Եթե դիմում լինի, կքննարկենք։ Դա բարդ հարց է իրականում»,- ասաց նախարարը, ինչին պատգամավորը պատասխանեց` ես այստեղ եմ, որ ձեզ բարդ հարցեր տամ։
Բադասյանը մանրամասնեց, որ այդ պարագայում առաջ կգա ՍԴ դատավորներին բացարկ կամ ինքնաբացարկ հայտնելու հարցը։
«ՍԴ կարող են դիմել ԱԺ խմբակցությունները, եթե եղել են այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել հանրաքվեի արդյունքների վրա։ Սա միակ հիմքն է»,- հիշեցրեց նախարարը։
«Ակտիվ քարոզարշավի փուլը դեռ չենք սկսել». Հայրապետյան
Նշենք, որ Հայաստանում այս տարվա ապրիլի 5-ին սահմանադրական բարեփոխումների հանրաքվե կանցկացվի։ Հանրաքվեն, ըստ էության, ՀՀ քաղաքացիներին առաջարկում է պատասխանել մեկ հարցի` արժե՞ արդյոք դադարեցնել մինչև 2015 թվականի սահմանադրական բարեփոխումները, այսինքն` նախկին իշխանության օրոք նշանակված ՍԴ նախագահի և նրա անդամների լիազորությունները։
Այս փոփոխությունները չեն առնչվում ՍԴ գործող 9 դատավորներից միայն երկուսին` Վահե Գրիգորյանին և Արմեն Դիլանյանին։ Մյուս 7-ը, այդ թվում՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ՍԴ անդամ են դարձել մայր օրենքի 1995 և 2005 թվականներին խմբագրված դրույթների համաձայն։
Փոփոխություններին դեմ է «Ոչ» նախաձեռնությունը, որին ԿԸՀ–ն գրանցել է փետրվարի 18-ին։ «Ոչ»-ի շտաբը ձևավորվել է իրավաբանների խմբից։ Քաղաքական ուժերը հանրաքվեին չեն մասնակցի։
Ինչպես է Շիրակի մարզը պատրաստվում հանրաքվեին. «այո» և «ոչ» ասողները խնդիրների չեն բախվի
Հանրաքվեի նախապատրաստման և անցկացման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ԿԸՀ–ին ու ոստիկանությանը կհատկացնի 3 մլրդ 447 մլն դրամ։