Հայ օդաչուն է մեղավո՞ր. Քոբի Բրայանտի այրին դատարան հայց է ներկայացրել

Լոս Անջելեսի բարձրագույն դատարան ներկայացրած հայցադիմումի մեջ ասվում է, որ օդաչու Արա Զոբայանը, որը նույնպես զոհվել է ավիավթարի հետևանքով, անփութություն է թույլ տվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. Հայտնի բասկետբոլիստ Քոբի Բրայանտի այրին` Վանեսսան, դատարան հայց է ներկայացրել ուղղաթիռը շահագործող Island Express Helicopters ընկերության դեմ, հայտնում է Los Angeles Times–ը։

Քոբի Բրայանտի կործանված ուղղաթիռի օդաչուն հայ էր. լուսանկար

Հունվարի 26-ին Կալիֆոռնիայի Կալաբասաս քաղաքում ուղղաթիռի կործանման պատճառով մահացել էին «Լոս Անջելես Լեյքերսի» 41-ամյա բասկետբոլիստ, NBA հնգակի չեմպիոն Քոմի Բրայանտը և նրա դուստրը` 13 տարեկան Ջաննան։ Ուղղաթիռը կառավարել էր 50-ամյա օդաչու Արա Զոբայանը։

Լոս Անջելեսի բարձրագույն դատարան ներկայացրած հայցադիմումի մեջ ասվում է, որ օդաչու Արա Զոբայանը զգուշություն չի ցուցաբերել տվյալ ուղղաթիռը կառավարելիս և անփութություն է թույլ տվել։ Հայցադիմումի մեջ փոխհատուցման գումարը նշված չէ։

«Island Express Helicopters–ը խախտել է պարտականությունները, ինչը հանգեցրել է վթարի, և Քոբի Բրայանտը մահացել է Զոբայանի անմիջական անփույթ պահվածքի հետևանքով, որի համար տվյալ ընկերությունն անուղղակի պատասխանատվություն է կրում»,– գրված է հայցադիմումի մեջ։

«Մենք քեզ կկարոտենք». Մխիթարյանը գրառում է արել Քոբի Բրայանտի մահվան կապակցությամբ

Նշենք, որ ուղղաթիռում 9 մարդ է եղել, որոնցից 3-ը`անչափահաս։ Բացի Բրայանտից, նրա աղջկանից ու օդաչուից, մահացել են նաև բասկետբոլի մարզիչ Ջոն Ալտեբոլին, նրա կինը` Քերրին, և դուստրը Ալիսան, մարզիչ Քրիստինա Մաուզերը, Սառա Չեսթերը և նրա դուստրը` Պայտոնը։ Ուղղաթիռը մեկնում էր Կալիֆոռնիա նահանգի Տաուզանդ Օքս քաղաքում գտնվող «Մամբա» սպորտային ակադեմիա, որտեղ պետք է կայանար բասկետբոլային խաղը։ Համարվում է, որ ավիավթարի պատճառ կարող էին դառնալ եղանակային վատ պայմանները, մասնավորապես` խիտ մառախուղը։