Երևան, 24 փետրվարի – Sputnik. Երևանի Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսը ենթադրաբար կբացվի մինչև 2020 թ.–ի նոյեմբերը: Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այսօր` փետրվարի 24–ին: Այս մասին ասաց Կրկեսի գործիչների միության նախագահ, Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Սոս Պետրոսյանը։
Երևանի կրկեսի շինարարությունը սկսվել է 2011 թ–ի մարտին, երբ մայրաքաղաքի քաղաքապետարանը և «Տաշիր» ընկերությունների խումբը համապատասխան համաձայնագիր ստորագրեցին։ Ի սկզբանե ծրագրվում էր պարզապես վերանորոգել հին շենքը, բայց այնուհետև «Տաշիր» ընկերությունների խումբը որոշեց նորը կառուցել։ 2012 թ.–ին կրկեսի հին շենքը քանդեցին։
«Ես կրկեսի մասին գիրք եմ գրել և հրատարակել։ Շատ ավելի հեշտ էր հրապարակել այդ գիրքը, քան պատասխանել հարցին, թե երբ է Հայաստանում կրկեսը բացվելու»,–ասաց Պետրոսյանը։
Նա նշեց, որ շինարարական աշխատանքները կատարվում են առանց պետական ֆինանսավորման, և նրանք, ովքեր կրկեսի կառուցումն իրենց վրա են վերցրել, արժանի են հատուկ երախտագիտության։ Ներկայում շինարարները զբաղված են կրկեսի առաջին և երկրորդ հարկերի աշխատանքներով։ Երևանյան կրկեսը ենթադրաբար կբացվի մինչև 2020 թ.–ի նոյեմբերը։
Նշենք, որ նոր շենքը բաղկացած է 8 հարկից` 6 վերգետնյա և 2 ստորգետնյա։ Շենքի բարձրությունը 28.5 մետր է, դահլիճը հաշվարկված է 2300 նստատեղի համար։ Առաջին հարկի բարձրությունը կազմում է 4.5 մետր, 2-5-րդ հարկերինը` 3.3 մետր, իսկ վերջինը` 4.1 մետր։ Ներքևի հարկերում հատուկ տարածքներ են առանձնացված արագ սննդի կետերի, կինոթատրոնի և զվարճանքների կենտրոնի համար։ Շենքը սեփական ավտոկայանատեղի ունի։ Շրջակա տարածքը ևս բարեկարգված և կանաչապատված է։
Մինչ կրկեսը կբացվի
Մնջախաղի մեծ արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 85-ամյակի նախօրեին Հայաստանում է գտնվում մոսկովյան «Գրանդ Մանեժ» կրկեսը։ 25 արտիստից բաղկացած թատերախումբը Հայաստանում կհյուրընկալվի մինչև հունիսի 1-ը։
Մոսկովյան «Գրանդ Մանեժ» կրկեսի տնօրեն Սոֆյա Մինասյանը նշեց, որ կրկեսը հյուրախաղեր է ունենալու նաև Երևանից դուրս։
«Մենք ծրագրում ենք ելույթ ունենալ նաև Հայաստանի մյուս քաղաքներում և մեկնել Ղարաբաղ»,– ասաց Մինասյանը։
Նրա խոսքով` ծրագիրը ներառում է բոլոր կրկեսային ժանրերը, այնպիսի բարդագույն խմբակային համարներ, ինչպիսիք երևանյան հանդիսատեսը դեռ չի տեսել` ամերիկյան անիվից մինչև օդային հնարքներ։
Այս ընթացքում կորոնավիրուսն իր շտկումներն է մտցրել նաև կրկեսային ծրագրում։ Ինչպես նշեց Մինասյանը, Ռուսաստանում և Վրաստանում հայտարարված մեկուկես ամիս կարանտինի պատճառով իրենք համարներին մասնակցող մի քանի կենդանի չեն բերել իրենց հետ։
«Այդ կենդանիները կարող են հիվանդ չլինել, բայց վարակակիր լինել։ Այդ պատճառով մենք նրանց չենք բերել՝ փոխարինելով այդ կենդանիների մասնակցությամբ համարները և փոփոխելով ծրագիրը»,–ասաց Մինասյանը։
Երևանյան հանդիսատեսը կրկեսային շոուն կկարողանա տեսնել յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ և կիրակի 18։00–ին։ Ծրագիրը հաշվարկված է 2 ժամվա համար` անտրակտով։
Ենգիբարովին մոռացե՞լ են
Ցավոք, Լեոնիդ Ենգիբարյանի 85-ամյակը կանցնի ճիշտ այնպես, ինչպես 80-ամյակը` առանց հատուկ շքեղության։ Ինչպես նշեց Պետրոսյանը, ինքն այդ հարցով հանդիպել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանի հետ։
«Խզմալյանն ինքն էր ինձ հրավիրել։ Մենք զրուցեցինք, և նա խոստացավ, որ տեսչությունը համապատասխան աջակցություն կցուցաբերի։ Առայժմ լրացուցիչ տեղեկություն չկա»,–ասաց Պետրոսյանը` ավելացնելով, որ իրեն արդեն հրավիրել են Ռուսաստանի մի շարք քաղաքներ` մնջախաղի վարպետի հոբելյանին նվիրված միջոցառումներին մասնակցելու։
Շուտով կլուծվի նաև Ենգիբարյանի հուշարձանին հատկացվելիք տարածքի ընտրության հարցը։ Նախնական տվյալներով` այն կկանգնեցվի կրկեսի կողքի զբոսայգում։
Ե՞րբ կշահագործվի Երևանի կրկեսի նոր շենքը. շինարարները վստահ են` սպասելու համար չենք ափսոսա