ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անօգուտ է: «Սատանան միշտ պահքի մեջ է, ոչինչ չի ուտում, բայց մեղք գործելուց չի դադարում և չի հոգնում», — ասում է Ս. Գրիգոր Տաթևացին: Այս մասին հայտնում է qahana.am–ը։
Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին» (Ղուկ. 4:1-3): Հիսուս Իրեն ծոմապահության ենթարկեց մարդկային ցեղի փրկության համար, մարդկության փոխարեն Ինքն ապաշխարեց, որպեսզի բոլոր պահեցողություն անողների ապաշխարանքն իմաստ և իրականություն ստանան շնորհիվ Իր ծոմապահության: Քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց ևս մեկշաբաթյա շրջան` Ավագ շաբաթը: Այդ է պատճառը, որ քառասնօրյա կոչվող պահքը 48 օր է տևում:
Մեծ Պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան օրեր. Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ:
Մեծ Պահքը կիսվում է միջինքով: Պահքն այդ օրը չեն ընդհատում: Պարզապես ժողովրդական սովորության համաձայն` այդ օրը բաղարջից պահոց գաթա են պատրաստում:
Մեծ Պահքի շրջանում վաղնջական կանոններով արգելված են եղել պսակադրությունները և մատաղը: Սակայն Վազգեն Ա կաթողիկոսի շրջաբերականով խիստ անհրաժեշտության դեպքում թույլատրվեց պսակադրություն կատարել Մեծ Պահքի շաբաթ և կիրակի օրերին, բացառապես Ավագ շաբաթվա բոլոր օրերի:
Եկեղեցական տոնացույցի համաձայն տարին բաժանվում է տոնական և պահոց օրերի: Պահոց 158 օրերի մեծ մասը կարճատև պահքեր են` օրապահքեր (չորեքշաբթի և ուրբաթ օրերը` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի մատնության և չարչարանքների) և շաբաթապահքեր, իսկ առավել ժողովրդականություն վայելող և ամենաերկարատև պահքը Մեծ կամ Քառասնորդական պահքն է:
Ի՞նչ է պահքը
Առաջին իմաստով այն կամավոր ինքնազրկումն ու զսպվածությունն է սննդի նկատմամբ: Եկեղեցական ավանդության համաձայն` երեք տեսակի պահքեր գոյություն ունեն: Առաջինը սովորական պահքն է` կենդանական ծագում ունեցող սննդից (բացառությամբ մեղրի) և ոգելից խմիչքներից հրաժարումը: Երկրորդը սրբապահքն է` հրաժարումը նաև բուսական ծագման` ընդհուպ մինչև սոսկ աղուհացով սնվելը (Մեծ պահքի շրջանը կոչվում է նաև Աղուհացի շրջան): Երրորդը ծոմն է` միառժամանակ ընդհանրապես հրաժարումը սննդից և անգամ ջրից:
Իհարկե, կարելի է նկատի առնել պահքի օգտակարությունը նաև բժշկական տեսակետից, հատկապես Մեծի պահոց շրջանում, քանի որ գարնանամուտն առանց ճարպային, կենդանական սննդի անցկացնելը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: Սակայն սխալ է այն մտայնությունը, թե պահքը սոսկ դիետա է` նիհարելու կամ որոշակի հիվանդություններից ձերբազատվելու համար: Պահքը չի սահմանափակվում միայն կենդանական սննդից հրաժարումով. այն առաջին հերթին հոգեկան ու բարոյական ամեն տեսակի ախտերից ու մոլություններից, մեղանչական մտքերից, խոսքերից ու գործերից մաքրվելն է, զղջմամբ ու ապաշխարությամբ աստվածահաճո և առաքինի կյանքին դառնալը:
Ի տարբերություն այլ եկեղեցիների, որոնք պարզապես թվակարգում են Մեծ պահքի 7 կիրակիները, Հայաստանյայց եկեղեցին սուրբգրային հիմք ունեցող յուրահատուկ անուններով ու խորհուրդներով է օժտել այդ կիրակիները: Դրանով նրանք կազմել են խորհրդանշական մի շղթա` արտացոլելով մարդու դրախտային կյանքի, պատվիրանազանցության ու անկման, աստվածորոնողության և աստվածային նախախնամությամբ փրկագործության ողջ ընթացքը:
Պահքերի (բացառությամբ օրապահքերի) նախորդ օրերը կոչվում են «բարեկենդան», իսկ Մեծ Պահքին նախորդում է Բուն Բարեկենդանը: Բարի կենդանություն, այսինքն` բարի, անհոգ և երջանիկ կյանք. այս իմաստն է ամփոփված «բարեկենդան» անվան մեջ, որ առավելագույնս արտահայտված ենք տեսնում Բուն Բարեկենդանի խորհրդում, որը Մեծ Պահքի առաջին կիրակին է և պատկերում է մարդու դրախտային երանավետ կյանքը: Այս խորհուրդը երևում է անգամ սննդի օգտագործման մեջ, քանի որ Բուն Բարեկենդանը կենդանական և ճոխ ուտելիք գործածելու վերջին օրն է:
Մեծ պահքի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման և խորհրդանշում է մարդու` դրախտից արտաքսվելը և Աստծո տեսությունից զրկվելը: Հենց սա է խորհրդանշում ողջ Մեծ Պահքի շրջանում եկեղեցիների վարագույրների փակ մնալը և Ս. Հաղորդությունից հավատացյալների անմասն մնալը:
Երրորդ կիրակին կոչվում է Անառակի և մատնանշում է առ Աստված դառնալու և կորուսյալ դրախտը գտնելու կարևորագույն նախապայմանը` ապաշխարանքը: Չորրորդ` Տնտեսի կիրակին, ուսուցանում է նյութական հարստության տնօրինման կերպի դերը հավիտենական փրկության կամ կորստյան մեջ: Հինգերորդ` Դատավորի կիրակին, պատգամում է հարատև աղոթքի անփոխարինելի նշանակությունը փրկության համար: Վերջին` Գալստյան կիրակին, ամփոփում է Քրիստոսի ինչպես Ա Գալստյան խորհուրդը, այնպես էլ Երկրորդ գալստյան խոստումը:
Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս. Զատիկը: