«Ամեն ինչ արվում է, որ ունենանք իդեալականին մոտ ընտրացուցակներ». Մնացական Բիչախչյան

Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է ընտրացուցակների ու դրանց նախապատրաստական աշխատանքների մասին։
Sputnik

Մնացական Բիչախչյանի փոխանցմամբ` աշխատանքների բնականոն ընթացքի համար որևէ խոչընդոտող հանգամանք չկա, և ոստիկանությունը ԿԸՀ–ի ժամանակացույցով սահմանված ժամկետում կկատարի իր վրա դրված պարտականությունները։

«Էլեկտրոնային ցուցակները կտրամադրենք ԿԸՀ–ին, քանի որ Ընտրական օրենսգրքի համաձայն` ընտրությունից 41 օր առաջ դրանք կզետեղվեն ԿԸՀ–ի կայքում, և քաղաքացիները կկարողանան ստուգել իրենց ներկայությունն այդ ցուցակներում ու կիմանան, թե որ ընտրատեղամասում են քվեարկելու։ Իսկ վաղը ոստիկանությունն այդ ցուցակներն այլ ձևաչափով կտեղադրի իր պաշտոնական կայքում, ընդ որում` նման ձևաչափով հրապարակման տարբերակ չկա ոչ մի երկրում։ Այսինքն` ցուցակները կզետեղվեն ներբեռնելու հնարավորությամբ»,– նշում է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետը։

Բիչախչյանի խոսքով` եթե մարդիկ անճշտություններ հայտնաբերեն, թեժ գծի միջոցով կարող են կապ հաստատվել ոստիկանության հետ, որպեսզի վերջինս կատարի համապատասխան ճշգրտումներ։ Ըստ Բիչախչյանի` ոստիկանությունն ընտրացուցակները կազմելիս նախ հավաքագրում է նախորդ ընտրությունների ժամանակ հավաքագրված տվյալները։ Ոստիկանությունում կուտակվում են նաև նախորդ տարիներին ցուցակներում կատարված մաքրումները, որոնք ֆիլտրումից հետո արդեն հաշվի են առնվում յուրաքանչյուր հաջորդ ընտրության ժամանակ կազմվելիք ցուցակների ժամանակ։

Ինչպես է Շիրակի մարզը պատրաստվում հանրաքվեին. «այո» և «ոչ» ասողները խնդիրների չեն բախվի

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի հավաստմամբ` ամեն ինչ արվում է, որ լինեն իդեալականին մոտ ընտրացուցակներ, իսկ հնարավոր որոշ տեխնիկական խնդիրները չեն կարող ցուցակների որակական հատկանիշի վրա ունենալ որևէ ազդեցություն։

Նշենք, որ Հայաստանում այս տարվա ապրիլի 5-ին սահմանադրական բարեփոխումների հանրաքվե կանցկացվի։ Հանրաքվեն, ըստ էության, ՀՀ քաղաքացիներին առաջարկում է պատասխանել մեկ հարցի` արժե՞ արդյոք դադարեցնել մինչև 2015 թվականի սահմանադրական բարեփոխումները, այսինքն` նախկին իշխանության օրոք նշանակված ՍԴ նախագահի և նրա անդամների լիազորությունները։

«Հանրաքվեն մեր քաղաքական ուժի քմահաճույքի համար չենք կազմակերպել». Փամբուխչյան

Այս փոփոխությունները չեն առնչվում ՍԴ գործող 9 դատավորներից միայն երկուսին` Վահե Գրիգորյանին և Արմեն Դիլանյանին։ Մյուս 7-ը, այդ թվում՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ՍԴ անդամ են դարձել մայր օրենքի 1995 և 2005 թվականներին խմբագրված դրույթների համաձայն։

Փոփոխություններին դեմ է «Ոչ» նախաձեռնությունը, որին ԿԸՀ–ն գրանցել է փետրվարի 18-ին։ «Ոչ»-ի շտաբը ձևավորվել է իրավաբանների խմբից։ Քաղաքական ուժերը հանրաքվեին չեն մասնակցի։

Հանրաքվեի նախապատրաստման և անցկացման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ԿԸՀ–ին ու ոստիկանությանը կհատկացնի 3 մլրդ 447 մլն դրամ։

Ի՞նչ կարելի էր անել հանրաքվեին հատկացված 7 մլն դոլարով