ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. Հայտնի գործարար ու բարերար Ռուբեն Վարդանյանը RTVi հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է՝ ինչպես է ապրել 90-ականներին, ինչպես է վերաբերվում Ռուսաստանի վարչապետին ու ներկայացրել է իր մոտեցումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին։
Ռուսաստանը, 90-ականներն ու բիզնեսը
Թե՛ Ռուսաստանում՝ Մոսկվայում, թե՛ Հայաստանում Վարդանյանն իրեն տանն է զգում, թեև այլ երկրներում էլ անշարժ գույք ունի։ Վարդանյանը 17 տարեկանում է լքել Հայաստանն ու ամբողջ գիտակից կյանքն անցկացրել է Ռուսաստանում։ Կարծում է, որ հենց Ռուսաստանում է որպես անհատ կայացել։
Նա անկեղծացել ու ասել է, որ երբեք թիկնապահներ չի ունեցել ու նույնիսկ 90-ներին միշտ երթևեկել է հանրային տրանսպորտով։ Գործարարը մինչև հիմա էլ օգտվում է մետրոյից։
Վերադառնալով 90-ականներին խնդիրներին՝ Վարդանյանը հիշել է, որ այն ժամանակ բիզնեսը ճնշման տակ էր ու հարկայինի հետ խնդիրներ էին առաջանում։
Նրա խոսքով՝ իրավիճակը հաջողվեց փոխել մեծ մասամբ Ռուսաստանի այսօրվա վարչապետ Միխայիլ Միշուստինի շնորհիվ։
«Ամենաեռանդուն, գործունյա ու իսկապես աշխատող մարդկանցից է։ Երբեմն շատ զգացմունքային է լինում՝ իսկական հայի պես», - ասել է բարերարը։
Թուրքիան ու Հայոց ցեղասպանությունը
Հարցազրույցում Վարդանյանն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության հարցին՝ համարելով այն համամարդկային խնդիր։ Նրա համոզմամբ` շատ կարևոր է, որ մարդիկ տարբերակեն «վատն» ու «լավը»։ Դա, նրա խոսքով, կարող է օգնել ավելի ուժեղ դառնալուն։ Գործարարը նշել է, որ Թուրքիայում դրա հետ կապված խնդիրներ կան։
«Պետք չէ, որ այլ երկրները ճանաչեն Ցեղասպանությունը։ Դա խնդիր է թուրքերի համար, որոնք իրենց երկիրը ստեղծել են տեղի ունեցածը հերքելով։ Այդ առումով սա նրանց դժբախտությունն է, նրանց խնդիրը։ Քանի դեռ նրանք փորձում են ինչ-որ բան թաքցնել, դա իրենց համար խնդիրներ է առաջացնում։ Այդ առումով սա շատ ծանր թեմա է», - նշել է նա։
Ինչ վերաբերում է հարցի լուծմանը, Վարդանյանի խոսքով, երկու տարբերակ կա․ կա՛մ կողմերն անհաշտ են մնում ու չեն լսում միմյանց` պնդելով իրենց իրավացիությունը, կա՛մ փորձում են գտնել այն կետերը, որոնք թույլ են տալիս հաշտության եզրեր գտնել։
Այս առումով Վարդանյանն իրեն անվանել է «բազմազանության ինտեգրման» կողմնակից։
Նոր մոտեցումներ բիզնեսում
Արագորեն փոխվող այս աշխարհում Վարդանյանն ու նրա կինը փորձում են Հայաստանում ու Ռուսաստանում բիզնեսի նոր մոտեցումներ կիրառել` իրականացնելով նախաձեռնություններ, որոնք էությամբ բարեգործական են, բայց միաժամանակ օգնում են գումար վաստակել։
Օրինակ՝ Սկոլկովոյի բիզնես դպրոցը։ Դա բարեգործական նախագիծ է։ Քանի որ այն մարդիկ, որոնք դրա համար գումար են տալիս, երբեք ոչ մի ձևով դրանք հետ չեն ստանա։ Բայց դա բարեգործական նախագիծ է, որը գումար է բերում։ Ուսումը Սկոլկովոյում վճարովի է։
«Միշտ հարցնում եմ` Սկոլկովոյի բիզնես դպրոցը բիզնես-նախագիծ է, թե՞ բարեգործություն։ Բոլորն ասում են` իհարկե բիզնես նախագիծ է, բայց սոցիալական էֆեկտով, իսկ ես ասում եմ՝ ոչ, դա բարեգործական նախագիծ է»,-ամփոփել է նա։
Նշենք՝ Վարդանյանը «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցի համահիմնադիրներից է, UWC Dilijan միջազգային քոլեջի համահիմնադիրը, «Ավրորա» հումանիտար նախաձեռնության համահիմնադիրը։ Նա օգնում է երիտասարդ գործարարներին ու խորհրդատվություններ տրամադրում Ռուսաստանի, Հայաստանի, Ճապոնիայի ու Բրազիլիայի բիզնես դպրոցներին։
Փաշինյանը ՀՀ տնտեսության համար ճիշտ մա՞րդ է. հարցին պատասխանել է Ռուբեն Վարդանյանը