Այսօր՝ փետրվարի 23-ին, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Բուն Բարեկենդանը։ Այս ուրախ տոնին հաջորդում է յոթշաբաթյա Մեծ Պահքը, որն էլ ավարտվում է Հարության տոնով։ Արդեն 7-րդ անգամ Երևանում Բուն Բարեկենդանին Արարատյան Հայրապետական Թեմն կազմակերպում է շքերթ-տոնախմբություն։
Մասնակիցները դիմակներով, երգ ու պարով, դհոլ-զուռնայով, հեքիաթի հերոսների ուղեկցությամբ, Մեսրոպ Մաշտոցի պողոտայի ամեն խաչմերուկում տոնական շուրջպար բռնելով, քայլում են դեպի Ազատության հրապարակ: Այստեղ էլ կայանում է մեծ տոնախմբությունը, որն Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները կազմակերպել են Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Բուն Բարեկենդանը նաև ժողովրդական ծիսական տարրերով է հարուստ։ Այս օրը երիտասարդներն իրականացնում են թատերական ներկայացումներ, այն հարուստ է նաև ազգագրական երգ ու պարով, ծիսական ուտեստներով, ձեռագործ աշխատանքների ցուցադրություն-վաճառքով, ազգային խաղերի մրցումներով։