Փաշինյանն ասել է` որ հարցերում են Հայաստանի ու Արցախի պատկերացումները նույնական

ՀՀ վարչապետը ելույթ է ունեցել Արցախում հրավիրված անվտանգության խորհուրդների համատեղ նիստում և խոսել բանակի խնդիրների, Արցախի հարցի կարգավորման, ընտրությունների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Արցախում հայտարարել է` Հայաստանի ու Արցախի փոխգործակցությունը հայ ժողովրդի անվտանգության կարևորագույն բաղադրիչն է:

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Արցախ. անվտանգության խորհուրդների համատեղ նիստ է հրավիրվել

Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Ստեփանակերտում տեղի է ունենում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը: Նիստին ներկա են նաև Հայաստանի և Արցախի խորհրդարանների նախագահներ Արարատ Միրզոյանը և Աշոտ Ղուլյանը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդես են եկել ելույթներով: Վարչապետի մամուլի ծառայությունը հրապարակել է նրանց ելույթները։

«Այսօր մենք անցկացնում ենք Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ երրորդ նիստը, ինչը նշանակում է, որ այսպիսի ֆորմատներով նիստերի անցկացումը դառնում է անշրջելի ավանդույթ, և խնդիրն այստեղ միայն ավանդույթի մեջ չէ: Սա բացարձակ անհրաժեշտություն է, որպեսզի Հայաստանի և Արցախի իշխանությունները լինեն միևնույն էջի վրա և Հայաստանի ու Արցախի փոխգործակցությունը մեր երկրի, հայրենիքի, ժողովրդի անվտանգության կարևորագույն բաղադրիչն է: Ընդհանրապես, կարծում եմ, որ վերջին շրջանում մենք այս առումով բավականին արդյունավետ աշխատանք ենք իրականացրել, և այդ աշխատանքը հասել է մի կուլմինացիայի, երբ մենք հնարավորություն ենք ունեցել արձանագրել, որ Արցախի և Հայաստանի իշխանությունների պատկերացումներն Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են»,– ասել է Փաշինյանը:

Նա միաժամանակ նշել է, որ սա ամենևին չի նշանակում, թե Արցախի հարցի կարգավորման ամբողջ համատեքստի բոլոր դետալների հետ կապված կան միևնույն պատկերացումները։

Բանակում մահվան դեպքերի պատճառը փո՞ղն է. Փաշինյանը վարկած ունի

«Սա նշանակում է, որ ռազմավարության, վեկտորի ուղղությամբ մենք իսկապես ունենք նույնական պատկերացում, և այդ նույնական պատկերացումներն ունեն մի քանի անհրաժեշտ հենասյուներ: Այդ հենասյուներից կարևորագույնը ես համարում եմ արձանագրումն այն բանի, որ Արցախի Հանրապետությունը բանակցային գործընթացի լիարժեք մասնակից է և առանց Արցախի Հանրապետության հետ բանակցությունների` հնարավոր չէ Ղարաբաղի հարցի կարգավորում: Այս առումով, շատ կարևոր եմ համարում, որ ըստ էության, մեր համատեղ աշխատանքի ընթացքում ձևավորվում է, եթե չասենք ձևավորվել է, Ղարաբաղի հարցի բանակցային նոր բովանդակություն, և կարծում եմ, որ այդ բովանդակությունը առաջինը` ավելի համապարփակ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շահերը և երկրորդը` այդ բովանդակությունը կառուցողական է` հարցի կարգավորման հնարավորություններ ստեղծելու տեսանկյունից: Եվ այս առումով, ես նույնպես կարևորում եմ այն դիսկուրսը և քննարկումը, որ տեղի ունեցավ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում, որտեղ այդ նույն բովանդակությունը միս ու արյուն ստացավ, հստակ ձևակերպվեց, և այն մենք պայմանականորեն անվանեցինք մյունխենյան սկզբունքներ»,– ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետն անդրադարձել է նաև Զինված ուժերի մարտունակությանն ու Զինված ուժերում հաստատված բարոյահոգեբանական մթնոլորտին` նշելով, որ ՀՀ կառավարությունը վերջին շրջանում, մասնավորապես 2019 թվականին, հսկայական միջոցներ է ձեռնարկել և հսկայական միջոցներ հատկացրել բանակում էական ու շոշափելի փոփոխություններ իրականացնելու համար` սկսած սպառազինությունների ձեռքբերումից, վերջացրած սպայական, շարքային կազմերի սոցիալական երաշխիքներից, այնպես էլ դրամական բավարարումների չափից:

Հայկական բանակում մահվան դեպքերը հնարավոր է կանխել. ինչի՞ց է պետք սկսել

«Եվ այս ամենի արդյունքում, բնականաբար, բոլորիս ակնկալիքն այն է, որ բանակում նաև կարգապահությունը, բարոյահոգեբանական մթնոլորտը և հարաբերությունները բերվեն բոլորովին նոր մակարդակի վրա, և ես համարում եմ, որ այդ խնդիրն իրապես լուծելի է: Վերջին շրջանի քննարկումներում ես մի այսպիսի արձանագրում եմ արել, որ կա դիսոնանս բանակի հեղինակության և ծառայության հեղինակության միջև: Հայաստանի Հանրապետությունում և Արցախում բանակը բացարձակ և անառարկելի հեղինակություն է: Այսինքն, բանակի հետ կապված ո՛չ Հայաստանի Հանրապետությունում, ո՛չ Արցախում չի կարող լինել որևէ քննարկում և որևէ թեմա, որովհետև Հայաստանում և Արցախում, ընդհանրապես հայ ժողովրդի համար բանակը բացարձակ, անքննելի արժեք է, բայց, ցավոք սրտի, մենք ունենք այսպիսի մի երևույթ, որ բանակում ծառայության հեղինակությունն, այնուամենայնիվ, որոշակիորեն զիջում է բանակի հեղինակությանը, և մեր գործնական խնդիրն է բանակում ծառայության հեղինակությունը հավասարեցնել բանակի հեղինակությանը»,– ընդգծել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետի խոսքով` թեև Զինված ուժերը մեր անվտանգության ամենաառաջնային երաշխիքը և երաշխավորն են, բայց այդ առաքելության իրականացման մեջ բանակին երբեք միայնակ պետք չէ թողնել, պետք է բանակի գործառույթային ծանրաբեռնվածությունը որոշակիորեն թեթևացնել:

Բանակում մահվան դեպքերի հետ կապված` Փաշինյանը խորհրդակցություն է հրավիրել

Այնուհետև Փաշինյանն անդրադարձել է Արցախում կայանալիք ընտրությունների թեմային։

Բանակում հաշվառում են «արտոնյալներին», սպաներին և՛ պատժում են, և՛ խրախուսում. ԳՇ պետ

«Կարծում եմ, որ ընդհանրապես Արցախի գոյության ողջ ընթացքում տեղի ունեցած ընտրություններն ի ցույց են դրել ժողովրդավարական առումով Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև բոլորովին տարբեր իրողությունների գոյությունը, ինչը ևս մեկ անգամ գալիս է հիմնավորելու, որ Արցախը և Ադրբեջանը երբևէ որևէ պարագայում չեն կարող լինել ընդհանուր քաղաքական տարածքում, որովհետև Արցախում արդեն 3, 5, 10 տարի առաջ ժողովրդավարության մակարդակն անգամներով անհամեմատելի ավելի բարձր է եղել, քան հարևան երկրում և այդ իրողությունը ոչ միայն անշրջելի է, այլ ես կարծում եմ, որ այդ իրողությունը ևս մեկ անգամ շատ ավելի վառ ու արտահայտված կերպով կարտահայտվի Արցախի առաջիկա համապետական` նախագահական և խորհրդարանական ընտրություններում: Եվ ես շատ կարևոր եմ համարում, որ այս հարցում նույնպես Արցախի և Հայաստանի իշխանություններն ունեն նույնական պատկերացումներ ու մոտեցումներ»,– ասել է նա:

Իր ելույթում նախագահ Բակո Սահակյանը կանգ է առել արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող խնդիրների վրա՝ կապված, մասնավորապես, արտաքին քաղաքական վերջին զարգացումների, բանակաշինության, հանրապետության հարավային շրջաններում ռազմավարական բնույթի սոցիալ-տնտեսական մի շարք նախագծերի իրականացման հետ:

Բակո Սահակյանը նշել է, որ նախատեսվող ծրագրերը հավակնոտ են, բայց միանգամայն իրատեսական՝ համոզմունք հայտնելով, որ միասնական ջանքերով, աշխատանքները համակարգված ու հետևողականորեն իրականացնելու դեպքում այդ նախագծերը կյանքի կկոչվեն: