ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 22-ին Ստեփանակերտում մասնակցել են երկու հայկական հանրապետությունների Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին:
Ինչպես հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքը, Բակո Սահակյանն իր ելույթում կանգ է առել արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող խնդիրների վրա, մասնավորապես` արտաքին քաղաքական վերջին զարգացումների, բանակաշինության, հանրապետության հարավային շրջաններում ռազմավարական բնույթի սոցիալ-տնտեսական մի շարք նախագծերի իրականացման հետ:
Սահակյանը նշել է, որ նախատեսվող ծրագրերը հավակնոտ են, բայց միանգամայն իրատեսական՝ համոզմունք հայտնելով, որ միասնական ջանքերով, աշխատանքները համակարգված և հետևողականորեն իրականացնելու դեպքում այդ նախագծերը կյանքի կկոչվեն:
Հիշեցնենք` 2020 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 17-ը Արցախի և Հայաստանի Զինված ուժերում խաղաղ պայմաններում գրանցվել է զինծառայողների մահվան 13 դեպք, որից 4-ը դժբախտ պատահարի հետևանքով են, 4-ը պայմանավորված են ծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներով՝ հիվանդություն, անձնական խնդիրներ։ Մնացած 5 դեպքերի առնչությամբ հարուցված են քրեական գործեր, հանգամանքները պարզվում են:
Փետրվարի 17-ին Նիկոլ Փաշինյանը Երևանում հրատապ խորհրդակցություն էր հրավիրել` զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված, հետո նա գրել էր, որ կայացվել են մի շարք կարևոր, այդ թվում՝ կադրային փոփոխությունների մասին որոշումներ:
Երկու օր անց Փաշինյանի առաջարկով պաշտոնանկ էին արվել ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արթուր Բաղդասարյանն ու ՀՀ ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանը։
Հնարավոր հրաժարականների շարքում արծարծվում է նաև Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի անունը։
Դավիթ Տոնոյանը հրաժեշտ է տվել ՌՈ պետին ու հետո կադրային որոշումներ կայացրել
Նշենք, որ սա Հայաստանում 2018թ–ին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների արդեն երրորդ համատեղ նիստն է։ Առաջինը տեղի էր ունեցել 2019թ–ի մարտի 12-ին Ստեփանակերտում, երկրորդը`2019թ–ի դեկտեմբերի 23-ին Երևանում։