Հայաստանը մտադի՞ր է դադարեցնել ավիահաղորդակցությունն Իրանի հետ

Տաթևիկ Ռևազյանը չի բացառել, որ Հայաստանը կարող է քննարկել Իրանի հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik.Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ Կորոնավիրուսի նոր դեպքերի պատճառով Իրանի հետ ավիահաղորդակցման դադարեցման հարցը դեռ չի քննարկել։

Արսեն Թորոսյանն անդրադարձել է Իրանում գրանցված կորոնավիրուսի դեպքերին

Փետրվարի 21-ին Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ երկրում կորոնավիրուսով վարակման ևս 13 դեպք է գրանցվել։ Վարակվածների թիվը հասել է 18-ի։

«Նման տվյալներ դեռ չունեմ։ Հասկանալի է, որ հարցը կարող է դիտարկվել, սակայն այդ մասին քննարկումներ դեռ չեն եղել։ Դրա վերաբերյալ դեռ ասելիք չունեմ», – ասաց Ռևազյանը։

Արսեն Թորոսյանն անդրադարձել է Իրանում գրանցված կորոնավիրուսի դեպքերին

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը փետրվարի 21-ին Facebook–ի իր էջում գրել էր, որ իշխանությունները հետևում են ամբողջ աշխարհում, այդ թվում` հարևան Իրանում կորոնավիրուսի բռնկման և տարածման դեպքերին։

Թորոսյանի խոսքով` առողջապահության նախարարությունը հաշվի է առնում Իրանից Հայաստան ուղևորահոսքի առանձնահատկությունը, այդ թվում նաև Նովրուզի ժամանակ, որի ընթացքում իրանցիներից շատերն իրենց արձակուրդը Երևանում են անցկացնում։

Կորոնավիրուսը հասել է Իրան. ինչպես վարակը կանդրադառնա Հայաստանում զբոսաշրջիկների հոսքի վրա

««Մեղրի» անցակետում և օդանավակայանում մենք ուժեղացրել ենք վերահսկողությունը Հայաստան այցելող Իրանի քաղաքացիների նկատմամբ։ Կասկածի դեպքում վերահսկողություն է իրականացվում նաև Հայաստանի ամբողջ տարածքում», – ասել էր առողջապահության նախարարը։

Վերջին տվյալներով` Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 2248-ի, բուժվել է 18858 մարդ։ Կորոնավիրուսի բռնկումն առաջին անգամ գրանցվել էր Չինաստանի Ուհան քաղաքում 2019 թվականի դեկտեմբերին։ Չինաստանից բացի, վարակի դեպքեր են գրանցվել ավելի քան 20 երկրներում։