Դավիթ Տոնոյանը հրաժեշտ է տվել ՌՈ պետին ու հետո կադրային որոշումներ կայացրել

ՀՀ պաշտպանության նախարարը Ռազմական ոստիկանությունից պահանջել է կտրուկ բարձրացնել օպերատիվ հետախուզական աշխատանքների որակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այսօր խորհրդակցություն է անցկացրել ռազմական ոստիկանությունում, որի ընթացքում քննարկվել է զինվորական ծառայության ընթացքում մահվան ելքով դեպքերի, դրանց կանխարգելման, առկա օպերատիվ իրավիճակի, ՌՈ աշխատանքին առնչվող և այլ հարցեր: ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում մանրամասներ է հայտնել։

Հայկական բանակում մահվան դեպքերը հնարավոր է կանխել. ինչի՞ց է պետք սկսել

«Հանդիպման սկզբում Տոնոյանը հրաժեշտ է տվել ռազմական ոստիկանության նախկին պետ, գեներալ-մայոր Արթուր Բաղդասարյանին, որից հետո կայացրել է մի քանի կադրային որոշումներ: Պաշտոններից ազատվել են մի քանի բաժնի պետեր: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՌՈ պետի օպերատիվ գծով տեղակալ, գնդապետ Ալեքսանդր Թելմանի Աղաջանյանին, հանձնարարել է ժամանակավոր կատարել ՌՈ պետի պաշտոնական պարտականությունները:

Բանակում հաշվառում են «արտոնյալներին», սպաներին և՛ պատժում են, և՛ խրախուսում. ԳՇ պետ

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՌՈ անձնակազմին և գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանին տվել է խիստ ցուցումներ: Մասնավորապես նախարարը շեշտել է կարգապահության ամրապնդման հարցի խիստ կարևորությունը և պահանջել է կտրուկ բարձրացնել օպերատիվ հետախուզական աշխատանքների որակը»մ– գրել է Հովհաննիսյանը:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 19-ին ստորագրեց Ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանին և ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանին պաշտոնից ազատելու որոշումները։

Վարչապետը երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում, անդրադառնալով բանակում մահվան դեպքերի թեմային, նշել էր, որ դրանց պատճառը քրեական ենթամշակույթի առկայությունն է, որը պետք է արմատախիլ արվի: «Քանի որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարը չի եղել այնպիսի ծավալների, ինչ ես հանձնարարել եմ, դրա համար էլ երկու պատասխանատուներն ազատվեցին գործից»,– ասել էր նա։