Տնտեսական աճը նախատեսվածից շատ չէ. Փաշինյանը ավելի մեծ հույս ուներ

Վիճակագրության կոմիտեի կայքում այսօր հրապարակվել է 2019թ.-ի տնտեսական աճի ճշգրտված ցուցանիշը։ Նիկոլ Փաշինյանը չթաքցրեց, որ ակնկալիքն ավելի մեծ էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. 2019թ.-ին ՀՆԱ–ի աճը 2018թ.-ի համեմատ կազմել է 7.6 տոկոս։ Տեղեկությունն այսօր կառավարության նիստում հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` ներկայացնելով այդ պահին Վիճակագրության կոմիտեի կայքում հրապարակված 2019թ.-ի ճշգրտված ցուցանիշը։

Ինչի՞ հաշվին է գոյացել տնտեսական աճը. կան անհանգստացնող տվյալներ

Բացարձակ թվով ՀՆԱ–ի ցուցանիշն 2019թ.–ին կազմել է 6 տրիլիոն 551 մլրդ 849 մլն դրամ։

«Մեր նախատեսածից շա՞տ է»,– հարցրեց ՀՀ վարչապետը` հայացքն ուղղելով ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին։

ՊԵԿ նախագահը գլխով բացասական շարժում արեց։ «Այսինքն` այնքան է, ինչքան նախատեսել ենք,– ժպտաց Փաշինյանը և շարունակեց,– 7.6 տոկոսը վատ ցուցանիշ չէ։ Կարող ենք արձանագրել, որ մենք 2008թ.-ից հետո ամենամեծ տնտեսական աճն ենք արձանագրել 2019թ.-ին»,– ասաց Փաշինյանը։

Այդ առիթով նա շնորհավորեց կառավարության անդամներին ու համոզմունք հայտնեց, որ 2020թ–ին աճն ավելի շատ է լինելու։

Կառավարությունը ֆինանսավորեց հանրաքվեն. մոտ 3 ու կես մլրդ դրամի մեծ մասն աշխատավարձերն են