ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ու Հանրապետական անասնաբուժասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնը Կենդանաբանական այգու կենդանիների մոտ տուբերկուլյոզ չեն հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում են կենդանաբանական այգու պատասխանատուները։
«Առաջիկա օրերին Երևանի կենդանաբանական այգին կվերսկի իր գործունեությունը, որի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն»,– նշված էայգու տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` փետրվարի 5-ին Երևանի կենդանաբանական այգին փակվել էր կարանտինային/կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով: Այգում անկել էր երկսապատ ուղտերից մեկը, և կենդանուց վերցված նմուշներում հայտնաբերվել էին տուբերկուլյոզի հարուցիչներին բնորոշ մանրէներ:
Կենդանաբանական այգուց հայտնում են նաև, որ ուղտի անկման վայրում ու հարակից տարածքներում իրականացվել է մեխանիկական մաքրում ու ախտահանում։ Խոտը, խնամքի պարագաները ոչնչացվել են` այրման եղանակով։ Այգու մյուս կենդանիների մեջ հիվանդներ չեն հայտնաբերվել։
2018 թվականից ի վեր Երևանի կենդանաբանական այգին պարբերաբար հայտնվում է սկանդալների կիզակետում: 2018-ին կենդանաբանական այգում զեբր, արջ,կոկորդիլոս,բեզոարյան այծ և վագր էին սատկել: 2019-ի ապրիլի 29-ին սատկեց ևս մեկ վագր՝ Բինգո անունով:
Ըստ պաշտոնական հայտարարության` անցյալ տարի երեք կենգուրու և երեք մուֆլոն թափառող շների զոհ են դարձել:
Նոյեմբերի 1-ին կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վլադիմիր Սիմոնյանը։