Բանակում մահվան դեպքերի պատճառը փո՞ղն է. Փաշինյանը վարկած ունի

ՀՀ վարչապետն անդրադարձել է խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների թեմային։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ է մտածել այս տարի բանակում գրանցված մահվան 13 դեպքի մասին և մի քանի վարկածների հանգել։

«Բանակում մահվան դեպքերի պատճառը քրեական ենթամշակույթի առկայությունն է, որը պետք է արմատախիլ արվի: Քանի որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարը չի եղել այնպիսի ծավալների, ինչ ես հանձնարարել եմ, դրա համար էլ երկու պատասխանատուներն ազատվեցին գործից»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց վարչապետը:

Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ստորագրեց Ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանին և ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանին պաշտոնից ազատելու որոշումները։

Հայկական բանակում մահվան դեպքերը հնարավոր է կանխել. ինչի՞ց է պետք սկսել

Վարչապետի խոսքով՝ մյուս վարկածներից մեկն էլ «լավ նկատառումով» արված փոփոխությունն է, երբ նախորդ տարի որոշեցին ավելացնել զինծառայողների ամսական գումարի չափը: Ըստ նրա՝ երբ դրամական միջոցներն ավելանում են, ավելանում են նաև «բազարները»: Նա ընդգծեց՝ սա ընդամենը վարկած է: Փաշինյանի խոսքով՝ շուտով աշխատանքային խումբ կստեղծվի, որը բանակի բարեփոխումները կդարձնի իր գերակայությունը: Նա հիշեցրեց նաև, որ 2019-ին բանակում զոհերի թվի պատմական մինիմում է եղել:

Բանակում հաշվառում են «արտոնյալներին», սպաներին և՛ պատժում են, և՛ խրախուսում. ԳՇ պետ

Հիշեցնենք` 2020 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 17-ը Արցախի և Հայաստանի Զինված ուժերում գրանցվել է զինծառայողների մահվան 13 դեպք, որից 4-ը դժբախտ պատահարի հետևանքով են, 4-ը պայմանավորված են ծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներով՝ հիվանդություն, անձնական խնդիրներ։ Մնացած 5 դեպքերի առնչությամբ հարուցված են քրեական գործեր, հանգամանքները պարզվում են:

Հնարավոր է` վարչապետն ընդունի որդեկորույս մայրերին. Ալեն Սիմոնյան