Մահացել է Երվանդ Մանարյանը

Տաղանդավոր դերասանի մահվան մասին հայտնել են նրա որդին` Քրիստ Մանարյանն ու թոռը` Հայկ Սեկոյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի -Sputnik. 96 տարեկանում մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ,ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը։ Դերասանի մահվան լուրը Facebook-ի իենց էջերում հայտնել են դերասանի որդին` Քրիստ Մանարյանը և թոռը` Հայկ Սեկոյանը։

Քրիստ Մանարյանը հոր և Գերման Ավագյանի հետ լուսանկար է հրապարակել։

«Էս ուրախ լուսանկարը երկու օրվա մեջ դարձավ պատմություն՝ սկզբից Գերմանը, հետո պապան մեզ լքեցին»,- գրել է նա։ Հայկ Սեկոյանը ևս պապի հետ լուսանկար է հրապարակել։
Դերասանի մահվան առնչությամբ ցավակցություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Աստված հոգիդ լուսավորի, սիրելի Վարպետ»,- գրել է նա: Երվանդ Մանարյանը ծնվել է 1924 թվականին Իրանում։ Սովորել է տեղի Հայկազյան դպրոցում, ապա Թեհրանի ամերիկյան և պարսկական քոլեջներում։ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան, ընդունվել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է 1952 թվականին։ 
1957-1959թթ. եղել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը, 1988 թվականից՝ «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավարը։ 1959-1961 թվականներին նույն պաշտոնը վարել է Գորիսի թատրոնում, 2007 թվականից՝ Կիևի տիկնիկային հայկական թատրոնի հիմնադիր-գեղարվեստական ղեկավար։ Այնուհետև աշխատել է Երևանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում և «Երևան» կինոմիավորումում։
Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն։ Խաղացել է նաև «Հարսնացուն Հյուսիսից», «Հարսնացուն Ջերմուկից», «Տժվժիկ», «Մորգանի խնամին» և այլն։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Երևանի քաղաքապետի առաջարկով ավագանին միաձայն քվեարկությամբ Երվանդ Մանարյանին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհեց:

Իսկ 2018 թ-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` հայ մշակույթի բնագավառում ունեցած ծանրակշիռ վաստակի համար Երվանդ Մանարյանին ժողովրդական արտիստի պատվավոր կոչում էր շնորհվել։

Երվանդ Մանարյանին տեղափոխել են հիվանդանոց