ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու հերթական դեպքը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից, փաստական տվյալներ են ստացվել, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետը, իրականացնելով կազմակերպություն ներկայացված նախագծային փաստաթղթերի, դրանց նախնական գնահատման հայտերի և հաշվետվությունների փորձաքննություն և դրա կատարման ընթացքում լինելով պաշտոնատար անձ, տնտեսվարող սուբյեկտի տնօրենի օգտին գործողություններ կատարելու նպատակով ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:
Մասնավորապես, պաշտոնատար անձը հանքարդյունաբերության արտոնագիր ստանալուն նպաստելու, այդ հարցում խոչընդոտները վերացնելու համար տնտեսվարող սուբյեկտի տնօրենի փոխարեն համապատասխան փաստաթղթեր կազմելու, հանքավայրի իրական երկրաբանական տեղորոշիչները պատկան մարմիններին չհայտնելու և դրական եզրակացության նախագիծ տրամադրելու համար պահանջել և 2019 թ. սեպտեմբերից մինչև 2020թ. փետրվարի 8-ը ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 3.300.000 ՀՀ դրամ կաշառք։
Անհերքելի ապացույցների առկայության պարագայում ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների հսկողության ներքո հիշյալ փորձագետը 2020 թ. փետրվարի 18-ին Երևանի՝ Հանրապետության հրապարակի հարակից հատվածում կաշառքի հերթական գումարը ստանալիս, կաշառք տվող անձի հետ առձեռն բռնվել և բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։ Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է կաշառքի առարկան։
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորն ամորձիները մեխել է աթոռին
Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կաշառք ստացած պաշտոնյան և փորձաքննություն նախաձեռնած տնտեսվարողը ձերբակալվել են։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ կաշառք ստանալու հնարավոր այլ հանցադեպերը, կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված այլ անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։