ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Գիրք նվիրելու օրը սկսեց Երևանի կենտրոնական փողոցներում հայերեն գրքեր նվիրելուց։ Այդ ակցիայից հետո նախարարը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում երեխաների համար ընթերցեց Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն»։ Այդ միջոցառումները նվիրված էին Գիրք նվիրելու օրվան, որը Հայաստանում նշվում է փետրվարի 19–ին` Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը։
10–ամյա Արման Ավետիսյանն այն երջանիկներից է, որը նախարարից գիրք է ստացել։ Նա խոստացավ, որ կարդալու է ֆրանսիացի հեղինակ Մարկ Բլոկի «Պատմաբանի արհեստը» գիրքը։ Անհասկանալի է` երեխայի ինչին է պետք այդ գիտական աշխատանքը, բայց Արմանն ուրախ էր նախարարի ուշադրությանն արժանանալու համար։
Արդեն գրադարանի շենքում երեխաները թեև չհասցրին նախարարի հետ սելֆի անել, բայց մոտիկից նկարեցին նրան։ Հարությունյանը երեխաների համար կարդաց «Շունն ու կատուն» հեքիաթն ու նրանց հարցրեց` արդյո՞ք շներն ու կատուները կարող են համերաշխ ապրել։
«Այո, ես համացանցում տեսել եմ», – բղավեց մի տղա։
Հարությունյանը ծիծաղեց, նշելով, որ այսօր համացանցում կարելի է ամեն ինչ տեսնել։ Նա խորհուրդ տվեց երեխաներին միշտ հաշտվել հակառակորդների հետ ու ոչ ոքի դեմ չչարանալ։
Նախարարը կոնկրետ պատասխան չտվեց սիրելի գրքի մասին Sputnik Արմենիայի թղթակցի հարցին։
«Դրանք շատ են, չգիտեմ` ինչպես պատասխանեմ ձեր հարցին։ Իրականում արդեն մեկ տարի է` ոչ մի գիրք չեմ կարդացել. չեմ հասցնում։ Վերջին կարդացածս գիրքը տարբեր հեղինակների պատմվածքների հավաքածուն էր», – խոստովանեց նախարարը։
Նախարարության ակցիայի վերջում անակնկալ էր սպասում նաև Արայիկ Հարությունյանին։ ՀՅԴ երիտասարդական միության ներկայացուցիչները, որոնք ամիսներ շարունակ նախարարի հրաժարականն էին պահանջում, նրան երկու գիրք նվիրեցին։
Մեկը Նիկոլ Աղբալյանի «Մտածումներ Դաշնակցության մասին» գիրքն էր, մյուսը` ժամանակակից սոցիոլոգ Կարինե Հակոբյանի «Ազգային պետությունը»։ Նախարարը շփոթված ընդունեց գրքերն ու ասաց, որ երիտասարդական միության անդամները դաստիարակության ու էթիկայի պակաս ունեն։
Երիտասարդ ակտիվիստ Քրիստինե Վարդանյանը պատասխանեց, որ իրենք շատ կուզենային, որ նախարարը կարդար այդ գրքերը։
«Մենք շատ խորհրդանշական գրքեր ենք ընտրել. Նիկոլ Աղբալյանը 1919-21 թվականներին Հայաստանի լուսավորության նախարար է եղել, այսինքն` Հարությունյանի իրավանախորդը։ Չէր խանգարի նաև ազգային պետության գաղափարների մասին իմանալը», – նշեց Վարդանյանը։
Ոչ միայն գրում էր, այլև լուսանկարում. Հովհաննես Թումանյանի ոչ հայտնի հոբբին. լուսանկարներ
Փետրվարի 19–ը Գիրք նվիրելու օր հայտարարելու նախաձեռնությունը Գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանինն էր։ Տոնը նշվում է 2008 թվականից։ Հատկանշական է, որ կա նաև գիրք նվիրելու միջազգային օր (փետրվարի 14–ը), սակայն այդ տոնը «ծնվել» է հայկականից չորս տարի հետո` 2012 թվականին։