«Նաիրիտի» գլխավոր սպառնալիքը. մեկ անգամ գումար ստանալով`մարդիկ ընդմիշտ կզրկվեն աշխատանքից

Տասը տարի անգործության մատնված «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները պահանջում են վճարել իրենց աշխատավարձերի տույժ ու տուգանքները։ Խնդիրը այն է, որ վճարումներ կարող են անել գործարանի եղածը վաճառելուց հետո։ Բայց այդ դեպքում էլ այն այլևս երբեք չի վերագործարկվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik, Արամ Գարեգինյան. «Նաիրիտ» գործարանի գույքը նորից վաճառքի սպառնալիքի տակ է։ Հիմա «Նաիրիտը»  սնանկության գործընթացի մեջ է, սակայն հիմնական ակտիվները չեն վաճառում, որ հնարավոր լինի վերականգնել արտադրությունը։ Սակայն փետրվարի 11–ին սնանկության մասին գործի դատավոր Արմեն Չիչոյանը բավարարեց գործարանի 115 նախկին աշխատակիցների պահանջը իրենց աշխատավարձերի պարտքերը վճարելու վերաբերյալ։ Փետրվարի 17–ին ևս 57 հոգի միացան նրանց։

«Նրանց պարտքերը վճարելու համար սնանկության կառավարիչ Կարեն Ասատրյանն առաջարկում է վաճառել գործարանի ունեցվածքը, դատավոր Չիչոյանը համամիտ է նրա հետ։ Հենց դրանում է գլխավոր սպառնալիքը։ Գործարանը կորող է փակվել, ու այդ մարդիկ, մեկ անգամ գումար ստանալով, ընդմիշտ կզրկվեն աշխատանքից», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը։

Խաչատրյան. «Հիմա «Նաիրիտում» արտադրություն կազմակերպելու խոսակցությունն իրատեսական չէ»

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում գործարանի աշխատակիցները տեղեկացրին, որ այստեղ արդեն սկսում են կտրել մագիստրալային խողովակները, որոնք Երևանի ՋԷԿ–ից «Նաիրիտ» էին գնում։

2006թ.-ին կառավարությունը «Նաիրիտի»-ի 90 տոկոս բաժնեմասը վաճառեց Rhinoville Property Limited օֆշորային ընկերությանը, որը պարտավորվել էր մինչև 2012 թվականը 120 մլն դոլարի ներդրում կատարել: Ներդրումներ չեղան, իսկ գործարանը 2010 թ.-ից պարապուրդի մատնվեց` էլեկտրաէներգիայի համար կուտակած 1 միլիարդ դրամի պարտքի պատճառով:

«Նաիրիտն» իր աշխատակիցներին պարտք էր նրանց աշխատավարձերը, դրանց նաև տույժ ու տուգանքներ էին ավելացել։ Սակայն 2015 թվականին պետության հետ համաձայնագիր կնքվեց, որ աշխատակիցներին վերադարձնելու են միայն իրենց բուն աշխատավարձերը, իսկ տույժ ու տուգանքից պետք է հրաժարվեն։

Երկու տարի առաջ գործարանի մի խումբ նախկին աշխատակիցներ նորից դատարան են դիմել ու պահանջել իրենց հասանելիք տույժ ու տուգանքների գումարը։ Սակայն բոլոր ատյաններում նրանց մերժել են այն հիմնավորմամբ, որ 2015 թվականին իրենք հրաժարվել են չվճարված աշխատավարձերից գոյացած տույժ ու տուգանքների գումարից։

«Նաիրիտը» կարող է վաճառվել Իրանին. կառավարությունը քննարկում է առաջարկը

«Ստացվում է` որոշում կայացնելիս դատավոր Չիչոյանը հաշվի չի առել 2015 թվականին կառավարության ու աշխատակիցների միջև կնքված պայմանագիրն ու երկու տարվա վաղեմության դատական որոշումները», – ասաց Իսրայելյանը։

Խնդիրն այն չէ, որ մարդիկ պետք է իրենց գումարը հետ ստանան, այլ այն, որ հիմա գործարանը ներդրողների է փնտրում։ Առանց դրա էլ դժվար է ներդրողներ գտնել, ու ցանկացած լրացուցիչ բեռ, այդ թվում` ֆինանսական, ավելի է դժվարացնում այդ գործընթացը։ Իսրայելյանը նշում է, որ եթե բոլոր 2000 աշխատակիցները սկսեն պահանջել իրենց տոկոսները, այդ բեռը կարող է 4 միլիարդ դրամ կազմել։

«Նաիրիտի» նախկին աշխատակիցներին դատի են տվել ու փոխհատուցում են պահանջում զրպարտանքի համար

«Եթե այդ երկու հազար մարդը պաստառներով կառավարության շենքի մոտ ցույց անեն, վտանգ կա, որ կառավարությունը կհամաձայնի վաճառել գործարանի գույքը, միայն թե շուտ մարի պարտքերը։ Բայց եթե գործարանը մաս–մաս վաճառեն, այդ մարդիկ կզրկվեն աշխատանք ունենալու նույնիսկ մի փոքր հույսից», – ընդգծեց Իսրայելյանը։

«Դուք մեզ արդեն մոռացել եք». «Նաիրիտի» աշխատողները կառավարության շենքի մոտ են

Sputnik Արմենիայի թղթակիցը փորձեց կապ հաստատել սնանկության կառավարիչ Կարեն Ասատրյանի հետ։ Նրա օգնական Երվանդ Պուրտոյանը հաստատեց, որ խողովակներն իսկապես կտրում են վաճառելու համար։

«Այդ խողովակներով սինթեզ–գազ էր հոսում։ Սակայն այն արտադրամասը, որի համար այդ գազը պետք էր, գործարանում վաղուց գոյություն չունի։ Իսկ խողովակները պետք է վաճառել, քանի որ մարդկանց աշխատավարձի հետ կապված խնդիրներ են առաջացել», –ասաց Պուրտոյանը։

Կարեն Իսրայելյանն այդ հարցով դիմել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ։ Գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն ասել է, որ ոչնչից տեղյակ չէ, բայց Արդարադատության նախարարություն կդիմի, որ պարզի` որքան իրավազոր է եղել դատավորի որոշումը։

«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր։

Մեռնես էլ՝ պիտի «մուծվես». ինչպես կարելի էր փրկել «Նաիրիտը»

2006թ.-ին կառավարությունը «Նաիրիտի»-ի 90 տոկոս բաժնեմասը վաճառեց Rhinoville Property Limited օֆշորային ընկերությանը, որը պարտավորվել էր մինչև 2012 թվականը 120 մլն դոլարի ներդրում կատարել: Ներդրումներ չկատարվեցին, իսկ գործարանը 2010 թ.-ից պարապուրդի մատնվեց` էլեկտրաէներգիայի համար կուտակած 1 միլիարդ դրամի պարտքի պատճառով: 2007 թվականից գործարանը վարկային պարտավորություն ունի նաև ԱՊՀ միջպետական բանկի նկատմամբ։

Հայաստանի իշխանությունը չի ների «Նաիրիտի» պարտքերը. գործարանի փրկությունը չի քննարկվում

Այս վարկը չվերադարձնելու պատճառով գործարանը սնանկ ճանաչվեց։ Ընկերությունն իր 90 % բաժնետոմսերն անհատույց կերպով վերադարձրեց ՀՀ կառավարությանը:

Արդեն 5 տարի` 2015թ.–ից ՀՀ նախկին ու ներկա կառավարությունները «Նաիրիտի« համար գնորդներ ու ներդրողներ են փնտրում։ Այդ տարիների ընթացքում գործարանի հնարավորություններն ուսումնասիրել են ռուսական «Ռոսնեֆտն» ու իտալական Pirelli-ին, բայց անարդյունք։