Աջափնյակի նախկին ղեկավարի դեմ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը պաշտոնից ազատվելու դիմում էր գրել։ Նա իր որոշման մասին տեղեկացրել էր Facebook սոցիալական ցանցի միջոցով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Երևանի Աջափնյակ շրջանի նախկին ղեկավար Գևորգ Բաբայանի գործունեության հետ կապված Երևանի քաղաքապետարանից նյութեր են ստացվել ոստիկանություն։ Լուրը Sputnik Արմենիային հաստատեցին ոստիկանության լրատվության բաժնից։

«Ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում»,–ասացին հեռախոսազրույցի ընթացքում։

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը հրաժարվում է պաշտոնից

Հիշեցնենք, որ փետրվարի 17–ին, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը պաշտոնից ազատվելու դիմում էր գրել։ Նա իր որոշման մասին տեղեկացրել էր Facebook սոցիալական ցանցի իր էջում։Բաբայանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները ստանձնել էր 2018 թվականի նոյեմբերի 1-ին։

Իսկ արդեն այսօր քաղաքապետը Հայկ Մարությանը Աջափնյակ շրջանի նոր ղեկավարին է ներկայացրել։ Նուբարաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Թելման Թադևոսյանը ստանձնելու է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը։

Թելման Թադևոսյանը ծնվել է 1986 թ.–ին Երևանում։ Մարությանի որոշմամբ 2018թ. հոկտեմբերի 23-ից նշանակվել էր Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար, պաշտոնավարել մինչև այս տարվա հունվարի 31–ը։