ՌԱԴԻՈ

Որևէ կերպ չենք մտնելու քաղաքական դիսկուրսի մեջ. Մելոյանը` «Ոչ»–ի նախաձեռնության մասին

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է 61 իրավաբաններից բաղկացած խմբի նախաձեռնությանը։
Sputnik
Որևէ կերպ չենք մտնելու քաղաքական դիսկուրսի մեջ. Մելոյանը` «Ոչ»–ի նախաձեռնության մասին

Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանի գլխավորությամբ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Ոչ»–ի ճամբար ստեղծելու փաստաթղթերն արդեն ներկայացվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Աննախադեպ քարոզարշավ. «այո» կա, «ոչ» չկա, բոյկոտողներն էլ ինչ ուզեն կքարոզեն

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանը, մասնավորապես, խոսել է այն հարցի շուրջ, թե կարո՞ղ է արդյոք իրենց խումբն արդյունավետորեն լրացնել քաղաքական ուժերի բացը «Ոչ»–ի ճամբարում։ Նրա կարծիքով`ստեղծվել է աննախադեպ իրավիճակ, և առհասարակ սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ, ըստ նրա, ի սկզբանե առաջացել էր աննախադեպ իրավիճակ։  

«Մենք` նախաձեռնող խմբի անդամներս, չենք ժխտում այն հիմնավորումը, որ գործընթացի սահմանադրականությունն է խնդրահարույց, որովհետև գործ ունենք հակաիրավական գործընթացի հետ։ Ի սկզբանե հանրաքվե անցկացնելու մասին իրավական ակտերը, տվյալ դեպքում ԱԺ որոշումը, ընդունվեցին սև ու սպիտակի վրա հստակորեն ամրագրված Սահմանադրության նորմերի խախտմամբ։  Դա զուտ իրավագետների մեկնաբանության խնդիր չէ միայն»,– ասաց սահմանադրագետը։ 

Փաշինյանին հիմա էլ նախագահ Սարգսյանի գրիչն է պետք. որքա՞ն գումար կծախսվի հանրաքվեի վրա

Մելոյանի դիտարկմամբ` աննախադեպության տեսանկյունից առաջացել էր երկընտրանք։ Քաղաքական ուժերը հանրաքվեի մասին սահմանադրական օրենքին համապատասխան` հանրաքվեի նշանակումից հետո 7 օրվա ընթացքում հնարավորություն ունեին ձևավորելու «Ոչ»–ի կողմ։ Ժամկետը լրացավ, խորհրդարանական ուժերից ոչ մեկը նման բան չարեց, հետևաբար մեր նախաձեռնող խումբը հանդես եկավ նման նախաձեռնությամբ և մեր լիազոր ներկայացուցիչը փաստաթղթերը հանձնեց ԿԸՀ։      

Մելոյանն ընդգծում է այն հանգամանքը, որ իրենց նախաձեռնող խումբը որևէ կերպ չի ընդունում տվյալ գործընթացի լեգալությունն ու լեգիտիմությունը, կիսում է քաղաքական այն ուժերի կարծիքը, ըստ որի` գործ ունենք հակասահմանադրական գործընթացի հետ, սակայն ի հայտ են գալիս երկրորդական խնդիրներ։ 

ՀՀԿ–ն չի մասնակցի սահմանադրական հանրաքվեի քարոզարշավին

«Ստեղծված էր մի իրավիճակ, երբ քարոզչական մի կողմն արդեն ձևավորված էր, և հանրությունը զրկվում էր հնարավորությունից և իրավական լծակներից` որևէ կերպ վերահսկողություն իրականացնելու արդեն իսկ սկսված գործընթացի նկատմամբ, հետևաբար գրանցեցինք մեր նախաձեռնությունը, որպեսզի կարողանանք օգտվել ընտրական հանձնաժողովներում ներկայացուցիչներ ունենալու, վստահված անձանց ինստիտուտից օգտվելու, հանրային հեռուստաընկերության անվճար եթերից օգտվելու, մարզերում անվճար հատկացված վայրերից օգտվելու հնարավորություններից»,– նշեց սահմանադրագետը։ 

«Քաղաքական շահը թույլ չի տալիս համախմբվել մեկ տանիքի տակ». Քեռյանը` «ոչ»–ի շտաբի մասին

Նրա խոսքով`իրենք որևէ կերպ չեն մտնելու քաղաքական դիսկուրսի մեջ «Այո»-ի կողմնակիցների հետ, այլ` լինելով մասնագիտական համայնքի ներկայացուցիչներ, իրականացնելու են մասնագիտական գործունեություն, այն է`վերահսկելու են ամբողջ գործընթացը` կանխելու ընտրախախտումների իրականացումը, եթե այդպիսիք տեղի ունենան, հետագայում բողոքարկելու նպատակով։ «Ոչ»–ի խմբի նպատակն է նաև հարթակ տալ քաղաքացիական խմբերին ու կազմակերպություններին, որոնք կցանկանան իրականացնել «Ոչ»–ի քարոզչություն, բայց նրանք պետք է հանդես գան տոլերանտության սահմաններում։