ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik.Հայաստանում այս տարի առաջին անգամ պետական մակարդակով իրականացվում է գյուղատնտեսության ապահովագրության ծրագիր, որով գյուղացին ծիրանի ու խաղողի բերքը կարող է ապահովագրել ցրտահարությունից, խնձորի, դեղձի, գարու և ցորենի բերքը՝ կարկուտից ու հրդեհից։ Այս պահին արդեն ապահովագրության համար դիմել են ավելի քան 200 հողօգտագործողներ։ Տեղեկությունն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալության տնօրենի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։

«Այն, որ շարժ կա, շատ լավ է։ Բայց մենք ակնկալում ենք, որ լինելու են ավելի շատ»,- ասաց նա` հիշեցնելով, որ ծրագրի առաջին փուլի` գարնանային ցրտահարություններից ապահովագրության համար կառավարությունը վերջնաժամկետ է սահմանել մինչև փետրվարի 21-ը։ Ըստ նրա` գյուղացիները, հայկական սովորույթի համաձայն, սպասում են ժամկետի ավարտին։
Հովակիմյանը համոզված է, որ որքան մոտենանք մարտին, այնքան ավելի են շատանալու ապահովագրվելու ցանկություն ունեցողները։
Ասուլիսին ներկա Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանն էլ նշեց, որ գյուղացիներն առայժմ որոշ անվստահությամբ են վերաբերվում իրենց համար նոր երևույթին։
«Քանի որ առաջին տարին է, որ իրականացվում է ծրագիրը, ժամանակ է պետք, որ կարողանան գյուղացիների մոտ վստահության մակարդակը բարձրացնել։ Իրենք հիմա փորձում են հասկանալ` սա իրո՞ք այն է, ինչ իրենց ներկայացվում է։ Երբ արդեն մեկ–երկու անգամ գյուղացին տեսավ, որ ինքն ստանում է իրեն խոստացված փոխհատուցումը, մենք այս խնդիրն այլևս չենք ունենա»,–ասաց Փանոսյանը։
Առաջին բանը, որ անհանգստացնում է գյուղացուն, Իռա Փանոսյանի խոսքով` ապահովագրական վճարի չափն է։ Նարեկ Հովակիմյանն էլ հայտնեց, որ գյուղացիների շրջանում տարբեր տեղեկություններ են շրջանառվում, թե 1 հա–ի արժեքը կարող է հասնել 300 000 դրամի։ Նա վստահեցրեց, որ նման բան չկա։
«Խաղողի ու ծիրանի համար` կախված իսկային գոտիականությունից, 1 հա–ի արժեքը միջինը 45-65 հազար դրամ է։ Երկրորդ ռիսկային գոտում 1հա–ն ծիրանի համար կարող է 8 200 դրամ լինել»,–ասաց նա։
Ռիսկային գոտիները բաժանված են ըստ բնակլիմայական պայմանների ու այդ տեղանքում բնական աղետների հաճախականության։ Օրինակ, Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանը 4-րդ ռիսկային գոտի է։ Այստեղ 1 հա–ի ցրտահարության դիմաց 2 մլն դրամ փոխհատուցում ստանալու համար գյուղացին պետք է վճարի 158 000 դրամ։
Բայց այդ գյուղացին այս տարի այդ գումարի կեսն է միայն վճարելու, քանի որ պիլոտային ծրագրի 50 տոկոսը սուբսիդավորում է կառավարությունը։
Ապահովագրության չափը որոշում է գյուղացին։ Նա նաև իրավունք ունի նույն հողատարածքը ապահովագրել միանգամից 2 ռիսկերի համար։ Այդ դեպքում վճարն ավելի թանկ կլինի, վերջնաժամկետն էլ փետրվարի 21-ը։
Կարկուտից ապահովագրության վերջնաժամկետը մարտի 25-ն է, հրդեհից ապահովագրության ավարտը` մայիսի 1-ը։
Նշենք, որ գարնանային ցրտահարության համար պիլոտային ծրագիրն իրականացվում է 2 մարզում` Արարատում ու Արմավիրում, կարկուտից ու հրդեհից ապահովագրությունը` 6 մարզերում` Արարատում, Արմավիրում, Արագածոտնում, Կոտայքում, Վայոց Ձորում և Տավուշում:
Հայկական հեղափոխությունը կհասնի կովերին ու լոլիկներին. գյուղացին պետք է իմանա իր պլանները
Գյուղապահովագրության պիլոտային ծրագիրն իրականացվում է կառավարության աջակցությամբ, հետևաբար, և՛ապահովագրման վճարի, և՛ փոխհատուցվող գումարի կեսը վճարելու է կառավարությունը։ Այդ նպատակով եվրոպական KfW բանկը Հայաստանին 5 339 139 380 եվրոյի դրամաշնորհ է տրամադրել։
Նշենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն` վերջին 6 տարիներին բնական աղետները Հայաստանի գյուղատնտեսությանն ավելի քան 110 մլրդ ՀՀ դրամի վնաս են հասցրել։