Մինչև մարտի 8-ը կկարողանա՞նք կարճաթև հագնել. Սուրենյանը երկուշաբթին բարի լուրով է սկսել

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook–ում գարուն է ավետել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Չնայած աշխատանքային հերթական շաբաթը մեկնարկեց ձյան տեղումներով, բայց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը շտապել է հայտնել, որ շաբաթվա ընթացքում ջերմաստիճանը կբարձրանա։ «Գնում ենք դեպի գարուն»,– Facebook–ում կատարած գրառմամբ հայտնում է նա։

Հայաստանի տարածքում կան փակ ճանապարհներ. տասնյակ ավտոմեքենաներ մնացել են ճանապարհներին

«Օդի ջերմաստիճանն այսօրվա համեմատ հանրապետության ողջ տարածքում մինչև շաբաթվա վերջ աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։ Կայուն տեմպերով գնում ենք դեպի գարուն»,– գրում է Սուրենյանը։

Արդեն ձևավորված ավանդույթի համաձայն` օգտատերերը Գագիկ Սուրենյանի գրառմանը հումորով են արձագանքել։

«Կապանում այս պահին,կայուն տեմպերով գնում ենք դեպի գարուն»,– գրել է նրանցից մեկն ու Կապանում տեղացող ձյան ու քաղաքի ձմեռային համայնապատկերի լուսանկարը հրապարակել։

Հայաստանում կրկին սպասվում են տեղումներ. եղանակի տեսություն

Մեկ ուրիշն էլ նկատել է, որ այս պահին ավելի ցուրտ է, քան նախորդ մի քանի օրերին։

Ավելի լավատեսներն էլ հույս են հայտնել, որ մինչև մարտի 8-ը կկարողանան կարճաթև շորերով տնից դուրս գալ։

Ի դեպ, նշենք, որ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության կանխատեսումներով, աշխատանքային շաբաթվա վերջին` ուրբաթ օրը, փետրվարի 19-ին, ցերեկը մի շարք մարզերում սպասվում է 10-13, Երևանում` մինչև 9 աստիճան տաքություն։