Ինչ խնդիրներ ու դրական փոփոխություններ կան «Աբովյան» ՔԿՀ–ում

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ժամկետանց դեղեր են հայտնաբերել։ Պարզվել է նաև, որ ՔԿՀ–ում մի շարք խնդիրներ կան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik.Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են` Աբովյան» քրեակատարողական հիմնարկում մշտադիտարկում են իրականացրել ու մի շարք խախտումներ հայտնաբերել։

«ՔԿՀ–ում բացակայել են հղի կամ իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կալանավորված անձանց և դատապարտյալների համար նախատեսված խցերը կամ կացարանները, ինչպես նաև վերջիններիս համար հարմարեցված սանհանգույցները և լոգարանները։ Բացի դրանից, չեն պահպանվում ազատությունից զրկված անձանց տրամադրվող սննդի քանակական և որակական չափանիշները, ինչպես նաև սննդի բազմազանությունը»,– նշված է ՄԻՊ–ի հաղորդագրության մեջ։

ՔԿՀ–ում բացակայել է գինեկոլոգիական բնույթի բժշկական օգնության համար նախատեսված դեղամիջոցների և հետազոտությունների համար անհրաժեշտ պարագաներն ու գործիքները, ատամնաբուժական օգնության կազմակերպման համար անհրաժեշտ նյութերը և պարագաները։ Ավելին, հայտնաբերվել են ժամկետանց դեղեր։

ՔԿՀ-ներում աշխատավարձերը բարձրացրել են. նախարարը` թափուր հաստիքների մասին

Ինչ վերաբերում է անչափահասներին, ապա միայնակ պահվող ազատությունից զրկված անչափահասները զրկված են բավարար մարդկային շփման հնարավորությունից։ ՄԻՊ–ը ֆիքսել է նաև, որ անբավարար են քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների աշխատանքային պայմանները։

Մարդու իրավունքների պաշտպանը, սակայն, նաև դրական փոփոխություններն է նկատել, մասնավորապես, կանանց տեղամասի դահլիճը կահավորել է մի շարք նոր մարզասարքերով և մարզական գույքով, կազմակերպել են յոգայի, վարսահարդարման, խոհարարության (խոհանոցը կահավորվել է նոր տեխնիկայով), գորգագործության, թաղիքագործության, անգլերեն լեզվի դասընթացներ։

Արտակարգ դեպք «Գորիս» ՔԿՀ–ում. դատապարտյալը փորձել է կյանքին վերջ տալ

Բացի այդ, 2019 թվականի սեպտեմբերից ազատությունից զրկված անչափահասները ստացել են միջնակարգ կրթություն ստանալու հնարավորություն. քրեակատարողական հիմնարկում գործում են 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններ:

ՄԻՊ–ն այցի արդյունքում կազմված փաստաթուղթն ու խնդիրների լուծմանն ուղղված առաջարկները ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարություն և Քրեակատարողական ծառայություն:

21–ամյա կալանավորին կախված են գտել «Արմավիր» ՔԿՀ–ում