«Գերմանի հեռանալով մեր հասարակությունը կորցրեց յուրահատուկ մի գույն». Աննա Հակոբյան

Վարչապետի տիկինը ցավակցել է լուսանկարիչ Գերման Ավագյանի հարազատներին ու նրա արվեստը գնահատողներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ցավակցություն է հայտնել լուսանկարիչ Գերման Ավագյանի ընտանիքի անդամներին և հարազատներին, ընկերներին և նրա արվեստը գնահատող հազարավոր մարդկանց։

«Խորը վշտով տեղեկացա մեր լավ ընկեր, հայտնի լուսանկարիչ-վավերագրող Գերման Ավագյանի անժամանակ մահվան մասին։ Գերմանի հեռանալով մեր հասարակությունը կորցրեց յուրահատուկ մի գույն, սրտացավ քաղաքացի և ուրույն ձեռագրով լուսանկարիչ»,– գրում է Աննա Հակոբյանը։

Կորոնավիրուսից մահացածների և բուժվածների թվերն ավելանում են. նոր տվյալներ

Նա նաև նշում է, որ Ավագյանը մեր պատմության վավերագրողն էր, որի լուսանկարներից են նաև հետագա սերունդներն իմանալու նորանկախ Հայաստանի մասին։

«Լույս իջնի շիրիմիդ, սիրելի Գերման»,– գրում է վարչապետի տիկինը։

Լուսանկարիչ, վավերագիր ու լրագրող Գերման Ավագյանի մահվան լուրը տարածվեց երեկ երեկոյան։ Նա հանկարծամահ է եղել սրտի կաթվածից։ Մահվան գույժը սոցցանցի իր էջում հայտնել էր լուսանկարչի մտերիմ ընկեր, քանդակագործ Սահակ Պողոսյանը։

ԱրտԲոքս. Գերման Ավագյան

Գերման Ավագյանը ծնվել է 1962 թվականի դեկտեմբերի 12-ին Վրաստանում։ 1974-1978 թվականներին բնակվել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում: 1979-1980 թվականներին սովորել է Բելառուսիայի Շուչին քաղաքում, 1980-1985 թվականներին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում: 1989 թվականից որպես ազատ լուսանկարիչ համագործակցել է տարբեր պարբերականների հետ։ Հրապարակվել է հայկական և արտասահմանյան պարբերականներում։ Բազում մրցանակներ և պարգևներ ունի լուսանկարչական ու լրագրողական գործունեության համար։